Հայաստանը հետ է մնում հարևաններից և ԵԱՏՄ-ից բիզնեսի թվայնացման հարցում. Քառյան

Հայաստանը հետ է մնում հարևաններից և ԵԱՏՄ-ից բիզնեսի թվայնացման հարցում. Քառյան

Հայաստանը բիզնեսի թվայնացման առումով վերջին տեղն է զբաղեցնում տարածաշրջանի հարևանների և ԵԱՏՄ երկրների շարքում։ Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած «Բիզնեսի թվայնացումը Հայաստանում. վիճակը և խնդիրները» ասուլիսի ժամանակ հայտնեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դոցենտ Արա Քառյանը։

«Ես ուսումնասիրություն եմ անցկացրել և եկել եմ այն եզրակացության, որ 9 երկրների շարքում, որտեղ ընդգրկված են մեր հարևանները՝ Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը և Թուրքիան, ինչպես նաև ԵԱՏՄ երկրները, թվայնացման առումով Հայաստանը վերջին տեղում է։ Բացի մեր երկրից, մնացած 8-ում ֆինանսական տեխնոլոգիաների ապակենտրոնացման և այս ոլորտում այլ առանցքային խնդիրներ լուծված են, ընդ որում՝ օրենսդրական մակարդակով։ Մենք բավականին հետ ենք մնում այդ գործընթացներից։ 8 երկիր բոլոր առումներով մեզանից առաջ են ընկնում։ Իսկ զարգացած երկրների հետ համեմատելն ընդհանրապես անիմաստ է», - նշեց Քառյանը։

Նա բերեց Վրաստանի օրինակը, որտեղ գործում են՝
  • կարգավորող ավազարկղ (Regulatory Sandbox) նոր ֆինանսական ծառայությունների և տեխնոլոգիաների փորձնական մոդելավորման համար,
  • բաց բանկինգ (Open Banking), որը նախատեսում է ֆինանսական տեղեկատվության փոխադարձ փոխանակում բանկերի և վարկային կազմակերպությունների միջև,
  • կրիպտոարժոյթի մասին օրենք և նույնիսկ Կենտրոնական բանկի թվային արժույթ (CBDC).
Թվայնացման բարձր մակարդակի մասին, նրա խոսքով, վկայում է նաև այն, որ հայկական «Ամերիաբանկը» գնած Վրաստանի բանկը 2022 թվականին ճանաչվել է սպառողների համար աշխարհի լավագույն թվային բանկը:
Ինչ վերաբերում է այլ երկրներին, ապա, օրինակ, Բելառուսում դեռ 2017-ին կրիպտոարժույթները ճանաչվել են որպես օրինական շրջանառու միջոց: Թուրքիայում դեռ 2019-ին ֆինանսների նախարարությունը և առևտրի նախարարությունը ստորագրեցին մի փաստաթուղթ, որում արձանագրեցին, որ բլոկչեյն տեխնոլոգիան բիզնեսի համար նոր ֆինանսական հնարավորություններ կստեղծի:
Փորձագետը նշում է, որ առաջին հերթին Հայաստանում բացակայում է թվայնացման ոլորտի օրենսդրությունը։ Մինչդեռ համապատասխան օրենքների ընդունումը կլուծեր ոչ միայն ֆինանսական տեխնոլոգիաների, այլև իրական հատվածի խնդիրները։
«Վերջին շրջանում հայ հասարակությունում ակտիվորեն առաջ է մղվում ՏՏ-ոլորտի զարգացման խոսույթը։ Փորձագիտական գնահատականներով՝ այս ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում հասնում է 7 տոկոսի, ինչը կարելի է գովելի ցուցանիշ համարել։ Բայց խնդրի էությունը դա չէ։ Իհարկե, լավ է, որ ՏՏ ոլորտը զարգանում է, որ կան բարձր վարձատրվող մասնագետներ։ Բայց բանն այն է, որ մեզ մոտ հաճախ ՏՏ-ն, տնտեսությունը, իրական հատվածը կտրված են իրարից և յուրաքանչյուրն իր կյանքով է ապրում», - ընդգծում է Քառյանը։

Նա կարծում է, որ մեր երկրի համար կարևոր է ՏՏ, տնտեսության, ֆինանսական հատվածի կոնվերգենտ զարգացումը։ Այս բոլոր ոլորտները պետք է դիտարկենք որպես մեկ ամբողջություն՝ սիներջի էֆեկտի (արդյունքի բազմապատկում) հասնելու համար միանգամից 3 ուղղություններով՝

  • Նորարարության գեներացիա
  • Արտադրողականության և կառավարման որակի կտրուկ բարձրացում, արտադրված արտադրանքի ինքնարժեքի նվազում:
  • Ներդրումային հոսքերի ներգրավման համար նոր ալիքների բացահայտում:
 
«Վերջին 30 տարիներին Հայաստանում ընդամենը երկու ներդրումային ալիք է եղել։ Առաջինը կապիտալի շուկան է, որը մեր երկրում այդպես էլ չկայացավ, թեև մեզ մոտ բավական բարենպաստ ներդրումային օրենսդրություն է ընդունվել։ Շատերը հաշվում են հայկական սփյուռքի ներուժը, ընդ որում երևակայությունը աստղագիտական թվեր է նկարում։ Սակայն այդ միջոցները ներգրավելու համար պետք է լինի ներդրումային կապիտալ, որը Հայաստանում չի գործում», - նշում է փորձագետը։

Երկրորդ ներդրումային ալիքը ՀԲ-ից, ՎԶԵԲ-ից և այլ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ՀՀ կառավարության միջնորդությամբ իրական հատված մուտք գործող միջոցներն են: Սակայն Հայաստանն աստիճանաբար տեղափոխվում է ավելի զարգացած երկրների կատեգորիա, և միջազգային վարկային օգնության ծավալը նվազում է։ Բացի այդ, Քառյանը փաստում է, որ Հայաստանում մինչ օրս ներդրումային բանկ չկա։

Նրա կարծիքով՝ տնտեսության տոկենացումը (այսպես կոչված՝ տոկենոմիկան) թույլ կտար լուծել Հայաստանում բիզնեսի թվայնացման խնդիրը, սակայն առայժմ ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկվել։

Աղբյուրը`   armeniasputnik.am