Գնել Սանոսյանը մասնակցել է «Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը

Գնել Սանոսյանը մասնակցել է «Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է «Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը։ 

Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության` ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև հունիս ամիս վերապատրաստել 1373 ավագանու անդամների։

Դասընթացը նպատակ ունի տեսական և պրակտիկ ուսուցման միջոցով զարգացնել ավագանիների գիտելիքները ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի մասին, բարձրացնել ավագանու անդամի իրավունքների և պարտականությունների իմացության մակարդակը, ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների մասին իրազեկվածության շրջանակը, նպաստել տեղական մակարդակում որոշումների կայացման մրցակցային հնարավորությունների մեծացմանը, աջակցել համայնքային խնդիրների լուծմանն ակտիվ ներգրավվածություն ունենալու կարողությունների կատարելագործմանը, նպաստել ավագանու նիստերին, հանձնաժողովների և խմբակցությունների աշխատանքներին արդյունավետ մասնակցելու հմտությունների ձևավորմանը, խթանել ավագանու անդամի առաջնորդության գործոնի արժևորման գիտակցումը։

Նախարար Գնել Սանոսյանը կարևորել է ավագանու անդամների վերապատրաստման գործընթացը․«Պետական կառավարման համակարգում տեղական ինքնակառավարումը չափազանց մեծ դեր ունի և գնալով այդ դերը մեծանում է։ Ներկայում կառավարությունը գնում է նաև ապակենտրոնացման, որպեսզի պետական տարբեր գերատեսչությունների որոշ լիազորությոններ պատվիրակվեն տեղական ինքնակառավարման մարմիններին։ Հետևաբար նման վերապատրաստմները, ավագանու անդամների կարողությունների անընդհատ զարգացումը շատ կարևոր է», - ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ ծրագրի արդյունքում ավագանու անդամների կարողությունները կհամապատասխանեն տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության պահանջներին, կնպաստեն արդյունավետ որոշումների կայացմանը և պատշաճ վերահսկողության ապահովմանը։ 

Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացման վերապատրաստումներն իրականացվելու է Պետական կառավարման ակադեմիայի կողմից։ Ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանն էլ վստահեցրել է, որ երեք մոդուլներով իրականացվող ծրագիրը դասավանդելու են բարձր որակավորում ունեցող դասախոսներ։ Լինելու են տեսական և գործնական առաջադրանքներ։ «Այս դասընթացը ձեզ համար կատարելագործվելու, ինչպես նաև Կառավարման ակադեմիայի հետ համագործակցելու հիանալի հնարավորություն է։ Այստեղ ստացած փորձն ու գիտելիքները ձեզ համար ամուր հիմք կլինի հետագայի համար», - ասել է ռեկտորը։ 

ՀՀ համայնքների ավագանիների անդամների վերապատրաստման գործընթացն իրականացնում են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ: