Արցախյան գինեգործության վերականգնումն այլընտրանք չունի

Արցախյան գինեգործության վերականգնումն այլընտրանք չունի

Ֆրանսիացիներն ասում են՝ գինին ստեղծել են հայերը, հույները դարձրին բիզնես, իսկ մենք՝ ֆրանսիացիներս, գինին դարձրինք արվեստ:

Գինու և խաղողագործության զարգացումը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի. Մթա 4-րդ հազարամյակում Հայկական լեռնաշխարհում արդեն կար արտադրական ծավալների գինեգործոթւյուն: Հանրահայտ Վայոց ձորի մարզի Ճնճղուկների քարանձավում վերջին տարիների բացահայտումը ևս մեկ ապացույց էր աշխարհի գինեգործական սեղանին՝ հայերը կանգնած են գինեգործության ակունքներում: Բացի արտադրությունից, հայերը մինչև խորհրդային տարիները, նախընտրությունը տալիս էին գինուն: Այսօր էլ թե Հայաստանում, թե Արցախում գինեգործությունը զարգանում է՝ բացելով նորանոր գինեհամային ելևէջներ այս խմիչքի պատմության մեջ:

Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմից հետո արցախյան գինեգործությունը լուրջ կորուստներ կրեց: Արցախում գործող գինու մեծ ու փոքր գործարանների մի մասը մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ, հատկապես հայտնի Կատարո  գիենգործական ընկերությունը, որի արտադրությունը առանձնանում էր իր յուրահատկությամբ:

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն ասում է, որ Արցախում կար 10 գինու գործարան՝ ինչպես խոշոր արտադրություններ էին գործում, այնպես էլ փոքր տնային տնտեսություններ, որոնց մի մասը գրանցված կամ կիսագրանցված էին:

«10 լուրջ գինեգործական ձեռնարկություն մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ. Կատարոն և Շեխեր գյուղի երկու գործարանը»,- ասում է  նա և հավելում, որ վնասվել է Ստեփանակերտի կոնյակի և գինու գործարանը, Մարտակերտի գինու գործարանի շենքերից մեկը:

Շեշտում է, որ Կատարոն սահմանից այն կողմ է թողել հումք, շինություն, տարածք, պատրաստի արտադրանք:

Նաև ներկայացանում է գինեգործության և խաղողագործության արցախյան վերականգնման բանալին՝ Արցախում կան բարեբեր հողատարածքներ, որտեղ հնարավոր է արցախյան հանրահայտ գինիների վերարտադրությունը, մոտ 10 հազար հա սպասում է խաղողագործներին. Ամբողջ Արցախում խաղողի խնդողնի տեսակը, որտեղ մշակես՝ նույն համն ու բույրն է:

Ա. Հարությունյանը հաղորդում է, որ միայն Կատարո ընտանեկան գինեգործական ձեռնարկությունը 2-3 մլն դոլարի վնաս է կրել, այն ընտանեկան բիզնես էր և 100 տարվա պատմություն ուներ:

«Արցախի բոլոր գինիներն էլ լավ են, ճիշտ պետական քաղաքականության պայմաններում, աջակցության դեպքում հնարավոր է  արագ վերականգնել, մենք՝  գինեգործներս մտածում ենք աջակցել, պետք է աջակցենք, սակայն խոսքը մեծ գումարների մասին է գնում, պետք է Հայաստանի և Արցախի իշխանությունները օգնեն, աջակցեն գինեգործներին»,- ասում է  գինեգործների միության նախագահը և հավելում, որ ամբողջ ծավալով դժվար թե կարողանան աջակցել, սակայն նախնական պետք է, որպեսզի կամաց-կամաց գինեգործները սկսեն աշխատել և վերականգնել բրենդը:

Արցախի գյուղատնտեսության նախկին նախարար, գյուղատնտեսության փորձագետ Բենիկ Բախշյանն ասում է, որ շուրջ 1000  հա խաղողի այգիներ մնացել են Ադրբեջանի տարածքում։   

Ըստ նրա, նախկինում Արցախում 18 հազար հա խաղողի այգիներ են մշակել, շուրջ  150 հազար տոննա  խաղող աճեցրել։  Հետագայում այդ թվերը կրճատվել են՝ հասնելով  1500 հեկտարի։  

Բենիկ Բախշյան հաղորդում է նաև, որ 2019թ Արցախում արտադրվել է 8 հազար տոննա խաղող։

Նշենք նաև, որ միայն Կատարո գինու գործարանը տարեկան արտադրում էր մինչև 100 հազար շիշ գինի. «Կատարո»՝ կլասիկ, ռոզե, սպիտակ և ռեզերվ գինիների պահանջարկը մեծ էր:

Ըստ գինեգործների և խաղողագործների միավորման վերջին տվյալների, 2018թ-ին Արցախում արտադրվեել է 220.000 լիտր գինի:

Ոչ միայն ծանր հարված ստացավ Արցախի գինեգործությունն ու խաղողագործությունը, նաև գինու զբոսաշրջային ուղղությունները դեռ երկար ժամանակ բաց են  մնալու:

Նշենք, որ գինու արտադրությունից զատ, Արցախի Տող գյուղում ամեն տարի տեղի էր ունենում գինու փառատոն, որին մասնակցում էին թե Հայաստանի, թե Արցախի գինեգործները:

My Photo Tour-Armenia զբոսաշրջային ընկերության հիմնադիր Անահիտ Կարապետյանը նշում է, որ Հայաստան եկող զբոսաշրջային խմբերը կամ Հայաստանի ներգնա զբոսաշրջային տուրեր կազմակերպող զբոսաշրջային ընկերություններն այս վիճակից առանձնապես չեն տուժի:

Ըստ նրա, հիմնական հարվածն ընկնում է Արցախի վրա, հայկական գինու-տուրերի կազմակերպիչները կառաջարկեն այլընտրանք՝ Հայաստանի գինեգործական կենտրոններ, գինու փառատոն, գինու համտեսի սրահներ, մրցույթներ և այլն:

«Արցախ այս վիճակից շատ-շատ-շատ կտուժի, որովհետև այնտեղ կան խաղողի էնդեմիկ տեսակը խնդողնի, որ միայն Արցախում է աճում և որից պատրաստում են արցախյան յուրահատուկ համ ու հոտով գինիները»,-ասում է նա և հավելում, որ Արցախցի գինեգործները դեռ երկար ժամանակ հնարավորություն  չեն ունենա այս յուրահատուկ խաղողատեսակից պատրաստված գինիները ներկայացնելու աշխարհին:

Բացի այդ, Ա. Կարապետյանը նշում է, որ Արցախում երկար ժամանակ տուրեր չեն կազմակերպվի՝ մինչև վիճակը չկայունանա և օտարերկրացիներին թույլ տրվի մտնել Արցախ: Զբոսաշրջությունն Արցախում, որպես այդպիսին դադարել է գոյություն ունենալուց,

«Խնդողնուց դառը տտիպ համով գինիներ են ստանում, որ գինեսերների համար իսկական հայտնագործություն է»,- շեշտում է My Photo Tour-Armenia զբոսաշրջային ընկերության հիմնադիրը:

Հիշեցնենք, որ Արցախի գինին արտահանվում էր Հայաստան, ՌԴ, ԱՄՆ, Կանադա, մերձբալթյան երկրներ, Բելգիա, Անգլիա, Ավստրալիա:

Արցախում բացի հայտնի Կատարո գինու գործարանից գործում էին  «Ադամյան» գինու գործարանը, Օհանյան բրենդի քոմփանին, Ստեփանակերտի կոնյակի գործարանը և այլն: Միջազգային ցուցահանդեսներում արցախյան գինու տեսկանին մեդալներ է շահել, նաև արժանացել լավագույն ապրանքանիշ մրցանակների: Արցախյան գինեգործությունը և խաղողագործությունը երկար ճանապարհ էր անցել և անցնելու էր, երբ Արցախյան երկրորդ պատերազմն ընդհատեց ոլորտի թռիչքը:

                                                                                                                   Գոհար Ստեփանյան