Կառավարությունն այս տարի պետբյուջեից արդեն 6 մլրդ 640 մլն դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Կառավարությունն այս տարի պետբյուջեից արդեն 6 մլրդ 640 մլն դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Կառավարության որոշմամբ պետբյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1,805,919.8 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացմամբ պայմանավորված համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Հիմնավորման համաձայն՝ 2023 թ. միջգերատեսչական հանձնաժողովի կայացած թվով 5 նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 273 սուբվենցիոն ծրագիր:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որոշմամբ իրականացվում է 2021, 2022, 2023 թվականներին իրականացված ծրագրերի համար կառավարության կողմից հատկացումը: «Գումարը կազմում է 1 մլրդ 805 մլն դրամ: Այս հատկացում էլ եթե իրականացնենք, կլինի, որ ընդհանուր առմամբ արդեն այս տարի պետական բյուջեից հատկացրել ենք 6 մլրդ 640 մլն դրամ:

Ըստ մարզերի բաշխվածության հետևյալն է՝ Արագածոտնին մեկ ծրագրի համար 230 մլն դրամ, Արարատ 3 ծրագրի համար 170 մլն դրամ, Արմավիր 3 ծրագրի 185 մլն դրամ, Գեղարքունիք մեկ ծրագիր՝ 26 մլն դրամ, Լոռի 8 ծրագիր՝ 441 մլն դրամ, Կոտայք 3 ծրագիր՝ 53 մլն դրամ, Շիրակ 6 ծրագիր՝ 342 մլն դրամ, Վայոց ձոր 3 ծրագիր՝ 293 մլն դրամ և Տավուշ 2 ծրագիր՝ 115 մլն դրամ»,-ասել է նախարարը:

Որոշմամբ գումար է հատկացվել 10 համայնքների թվով 27 սուբվենցիոն ծրագրերի համար: Արագածոտնի մարզում իրականացվել է Ապարանի 18 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում:

Արարատի մարզում՝ Արտաշատ բնակավայրի բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում էներգախնայող միջոցառումների կիրառում, Արմաշ բնակավայրի ջրամատակարարում, Արարատ բնակավայրի ՈԿՖ բանավան թաղամասի ջրահեռացման համակարգի կառուցում:

Արմավիրի մարզում՝ Նոր Կեսարիա բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում, Հացիկ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում, Վանանդ բնակավայրի Հ․ Քոչար փողոցի և Պ․ Սևակ փողոցի մի հատվածի, Արգինա բնակավայրի Աբովյան փողոցի, Քարակերտ բնակավայրի Երկաթուղայինների փողոցի ասֆալտապատում:

Գեղարքունիքի մարզում՝ Թթուջուր բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման աշխատանքներ:

Լոռու մարզում՝ Վանաձոր բնակավայրի մի շարք շենքերի տանիքների ջերմամեկուսացման և հիմնանորոգման աշխատանքներ, Գարեգին Նժդեհ, Հենրիկ Զաքարյան փողոցների հիմնանորոգում, Շահումյան բնակավայրի մի շարք փողոցների հիմնանորոգում, Վանաձոր բնակավայրի Վ․ Համբարձումյանի անվան հրապարակի հիմնանորոգում, Պրիվոլնոյե բնակավայրի մանկապարտեզի տարածքի կառուցում, բարեկարգում, Սպիտակ, Լեռնանցք, Ջրաշեն, Արևաշող և Շիրակամուտ բնակավայրերի փողոցային լուսավորության գոյություն ունեցող համակարգերի ընդլայնում:

Շիրակի մարզում՝ Բենիամին բնակավայրի ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատում, Թելման, Նիզամի, Ավետիսյան, Ալավերդյան և Մատրոսով փողոցների հիմնանորոգում, Գյումրի համայնքի կարիքների համար սարքավորումների ձեռքբերում (երթևեկության և հետիոտնային լուսային ազդանշաններ, լուսացույցներ), Ազատան բնակավայրի մանկապարտեզի տարածքի բարեկարգում, ջրահեռացման, ջեռուցման համակարգի տեղադրում, Կրաշեն բնակավայր տանող ավտոճանապարհի հիմնանորոգում:

Վայոց ձորի մարզում՝ Աղավնաձոր բնակավայրում 25-րդ փողոցի, 3-րդ փողոցի վերջնամասի և 1-ի փողոց 4-րդ փակուղու, Արփի բնակավայրում 1-ին փողոցի 700գծմ հատվածի ասֆալտապատում, Մալիշկա բնակավայրի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում, Վայք բնակավայրի Շահումյան և Իսրայել Օրի փողոցների ասֆալտապատում:

Տավուշի մարզում՝ Դիլիջան բնակավայրի Կամարինի 1 հասցեից Օրջոնիկիձե 57-Կամարինի 37 հասցեի ճանապարհահատվածի վերանորոգում, Իջևան բնակավայրի Բլբուլյան մի շարք շենքերի բակերի հիմնանորոգում: