Հաստատվել է Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը

Հաստատվել է Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը

Գործադիրը հաստատել է Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը:

Ըստ հիմնավորման՝ մրցանակաբաշխության գործընթացը կազմակերպելու նպատակով ստանդարտացման ազգային մարմնի կողմից ստեղծվում է համապատասխան որակավորում ունեցող աշխատանքային խումբ, nրն իրականացնում է մասնակից կազմակերպությունների կողմից հայտի և կից փաստաթղթերի փորձաքննություն և տեղում գնահատում։

Մրցութային փուլում առավելությունը կտրվի այն կազմակերպություններին, որոնք ունեն հավակնորդների հնարավորությունները և արդյունքները բնութագրող առավել բարձր չափանիշներ։ Որակի մրցանակ ստացած ազգային կազմակերպություններին հնարավորություն է ընձեռնվում մասնակցել ԱՊՀ երկրների շրջանակներում անցկացվող նմանատիպ մրցանակաբաշխությանը:

Նման գործընթացը խթանում է արտահանման ծավալների աճը, առավել ակտիվ և արդյունավետ է դարձնում արտադրողականությունը։ Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակաբաշխությանը կամավորության սկզբունքով կարող են մասնակցել արտադրանք արտադրող կամ ծառայություններ մատուցող բոլոր իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, իսկ սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները՝ միայն քաղաքացիական նշանակության ապրանքների և ծառայությունների մասով:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2 փուլով, որի ընթացքում գնահատման համար ստեղծված աշխատանքային խմբի միջոցով քննության են առնվում մասնակից կազմակերպությունների կողմից սույն կարգին համապատասխան ներկայացված փաստաթղթերը, տեղում գնահատվում է տվյալ փաստաթղթերով ներկայացված տեղեկատվությունը, արդյունքում կազմվում է եզրակացություն՝ գնահատվում և գնահատման արդյունքները ներկայացվում են մրցութային հանձնաժողովին՝ մրցանակներ շնորհելու համար։

Որակի բնագավառում ամենամյա մրցույթի կազմակերպման հիմնական նպատակն է արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացմանն ու որակի կառավարման համակարգերի ներդրմանն աջակցելն ու խթանելը: Մրցույթը մինչև 200 և 200-ից ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների համար է, որտեղ հավասար սկզբունքներով և կամավորության սկզբունքով կարող են մասնակցել արտադրություն ունեցող և ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները։

Որակի մրցանակ ստացած կազմակերպությունը կարող է հուշանշանի խորհրդանիշը կիրառել իր գովազդային նյութերում: Արդյունքում ակնկալվում է ձևավորել առողջ մրցակցության գործընթաց՝ արտահանման առավել լայն շուկաների ձեռքբերմամբ։

Մհեր Գրիգորյանն առաջարկել է քննարկել մի մեխանիզմ, որով մրցույթում հաղթելն ավելի արդյունավետ կլինի տնտեսավարողների համար. «Կարելի է մտածել այն առնվազն ԵԱՏՄ-ում կոնսոլիդացնելու մասին: Փոխադարձ ճանաչման մեխանիզմ մտածենք: Այսինքն՝ մեր ճանաչմամբ այս նույն որակի գնահատականն ավտոմատ ԵԱՏՄ-ում դառնա որակի գնահատական»: