ՀԷՑ-ի պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում

ՀԷՑ-ի պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում

Մարտի 22-ին Հայաստանի ֆոնդային բորսայի Գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը ստորագրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի արժեկտրոնային պարտատոմսերի ցուցակման որոշումը, համաձայն որի՝ ընկերության պարտատոմսերը մարտի 27-ից կընդգրկվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմանական (Abond) ցուցակ և կթույլատրվեն դրանցով  հասցեական առևտուրը և Ռեպո գործարքների կնքումը։  

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ցուցակելու է 32 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 320,000 պարտատոմս։ Թողարկված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 11.40%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Ցուցակված պարտատոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելով հղումով։   

Տեղաբաշխումը իրականացվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից 2023թ․ դեկտեմբերի 11-ից մինչև 2024թ․ փետրվարի 9-ը ընկած ժամանակահատվածում։ Թողարկվել են ընդհանուր 32 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ պարտատոմսեր, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվել են։  

Նշենք, որ սա հայկական կապիտալի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի ամենախոշոր տեղաբաշխումն է`  32 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով: Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները  ուղղվելու են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վարկային պարտավորությունների վերաֆինանսավորմանը, ինչպես նաև ներդրումային ծրագրի շարունակականության ապահովմանը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը, բաշխիչ ցանցի ընդլայնմանը, գործառնական ծախսերի նվազեցմանը, սպասարկման որակի բարձրացմանը, նոր բաժանորդների միացմանը ցանցին, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը:

«Այս իրադարձությունը կարևոր է 2 պատճառով․ առաջին, որ սա պարտատոմսերի ամենախոշոր թողարկումն է Հայաստանում, ինչը վկայում է Հայաստանի կապիտալի շուկայի կայունության և դրա հանդեպ վստահության մասին, և երկրորդ, որ սա ևս մեկ անգամ նպաստելու և օրինակ է ծառայելու այլ ընկերությունների համար, որոնք հետագայում կցանկանան թողարկում անել և ներդրումներ ներգրավել ընկերության հետագա զարգացումը ապահովելու համար։ Հուսանք, որ ներդրողների կողմից հետաքրքրությունը մեծ կլինի, և պարտատոմսերը արագ կիրացվեն: Դա կձևավորի դրական միտում Հայաստանի ֆինանսական շուկայում՝ ցույց տալով, որ ցուցակվող ընկերությունները կարող են լինել տարբեր ոլորտներից։ Սա նաև գրավիչ ազդակ է օտարերկրյա ներդրողների համար», - նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

«Կարծում եմ՝ այսօր պարտատոմսերը պահանջված և բարձր եկամտաբեր ֆինանսական գործիքներ են, ապահով են և ունեն մի շարք առավելություններ, ինչպես օրինակ՝ անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ, ՀՀ Ֆոնդային Բորսայում ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտները ազատվում են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից՝ ապահովելով ավելի բարձր եկամտաբերություն: Ուրախ եմ, որ ի դեմս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության այսօր ունենք պարտատոմսերի թողարկման ու տեղաբաշխման լավ փորձ», - նշում է ՀԷՑ Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Արշակյանը:

«Ամերիաբանկը մեր երկրում պատմականորեն իրականացրել է կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն տեղաբաշխումները, որոնց շարքին այս տարի ավելացավ նաև ՀԷՑ-ի դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։ Հայաստանի ֆոնդային բորսայում ՀԷՑ-ի պարտատոմսերի ցուցակումը տեղաբաշխման հաջող գործընթացի տրամաբանական շարունակությունն է: Վստահ ենք, որ ակտիվ երկրորդային շուկան էլ ավելի կբարելավի մեր երկրի ներդրումային միջավայրը»,- նշում է Ամերիաբանկի Ներդրումային բանկինգի գծով տնօրեն Առնո Մոսիկյանը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Ընկերության առաքելությունն է` նպաստել տնտեսության զարգացմանը՝ ապահովելով հուսալի, որակյալ և մատչելի էլեկտրամատակարարում։ Ընկերության ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազ. կմ և  սպասարկում է ավելի քան 1 մլն սպառողի: 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պարտատոմսերը կարող եք ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսայի անդամների միջնորդությամբ՝ բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով պարտատոմսերի ձեռք բերման հայտ։ Բորսայի անդամների ցուցակը այստեղ։