«Խաղաղության խաչմերուկ»–ը պետք է դառնա Հայաստան–Վրաստան ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը․ Փաշինյան
Հայաստանի վարչապետն այն կարծիքին է, որ ՀՀ-ի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պետք է դառնա Հայաստանի և Վրաստանի ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ Երևանում ունեցած հանդիպումից հետո հայտարարության ժամանակ։
«Կարծում ենք, որ Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պետք է դառնա մեր երկրների ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը»,- Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ ջանքերի համատեքստում ասաց Փաշինյանը:
Նա հավելեց՝ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում։ Հայաստանի կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել՝ ձեռք բերածով չբավարարվելու և երկու երկրների հարաբերություններում նոր հորիզոններ բացելու համար։