Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի դեմ՝ կիբեռհարձակումների համար

Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի դեմ՝ կիբեռհարձակումների համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պաշտոնապես մեղադրել է Չինաստանին պատգամավորների և Ընտրական հանձնաժողովի դեմ «չարամիտ» կիբեռհարձակումների մեջ մասնակցության համար:

 Միացյալ Թագավորության կառավարության կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ կիբեռհարձակումների համար պատժամիջոցների են ենթարկվել երկու անհատ և մեկ ընկերություն։

Ըստ հրապարակման՝ Մեծ Բրիտանիայի կիբեռանվտանգության ազգային կենտրոնը հայտարարել է, որ Ընտրական հանձնաժողովի և խորհրդարանականների դեմ ուղղված 2 կիբեռհարձակումները, որոնք տեղի են ունեցել 2021-2022 թթ., «մեծ հավանականությամբ» իրականացվել են Չինաստանի պետական հաստատությունների հետ կապված անձանց կողմից։

«Միանգամայն անընդունելի է, որ Չինաստանի պետական կազմակերպություններն ու անհատները թիրախավորել են մեր ժողովրդավարական ինստիտուտները և քաղաքական գործընթացները։ Թեև Միացյալ Թագավորության ժողովրդավարությանը միջամտելու այս փորձերը հաջողությամբ չեն պսակվել, սակայն մենք զգոն և տոկուն ենք մնալու մեր առջև ծառացած սպառնալիքների նկատմամբ», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը:

Այս առնչությամբ Միացյալ Թագավորությունում Չինաստանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն։

ՄԹ-ում Չինաստանի դեսպանությունը հայտարարել է, որ այս մեղադրանքները «լիովին անհիմն են»։

Աղբյուրը՝    armenpress.am