Arka.am. Հայաստանն ուսումնասիրում է մինչև 1000 ՄՎտ հզորությամբ նոր ԱԷԿ–ի կառուցման տարբերակները․ գլխավոր տնօրեն

Arka.am. Հայաստանն ուսումնասիրում է մինչև 1000 ՄՎտ հզորությամբ նոր ԱԷԿ–ի կառուցման տարբերակները․ գլխավոր տնօրեն

Հայաստանն ուսումնասիրում է մինչև 1000 ՄՎտ հզորությամբ նոր ատոմային ռեակտորի կառուցման տարբերակները, ասաց Հայկական ատոմակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

«Կլինի դա ստացիոնար ատոմակայան, թե մոդուլային էներգաբլոկ, այս ընտրությունը դեռ չի արվել», - ասաց նա հայ լրագրողներին «Ատոմէքսպո 2024» միջազգային ֆորումի շրջանակում, որն անցկացվում է մարտի 25–26–ը Սոչիում «Ռոսատոմ» կորպորացիայի կողմից։

Նա նաև ասաց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ընդգրկված են շահագրգիռ բոլոր գերատեսչությունների՝ բնապահպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հարակից ոլորտների ներկայացուցիչները, որոնք կարող են գնահատել հետագա խնդիրները։

Նրա խոսքով, հայկական կողմը ձգտում է ապագայում ունենալ ժամանակակից, անվտանգ և, իհարկե, գնային տեսակետից մրցունակ ատոմակայան։

«Սա մասշտաբային նախագիծ է, որը պահանջում է լուրջ ուսումնասիրություններ ինչպես էներգահզորությունների, այնպես էլ անվտանգության, տեղանքի հետ կապված պահանջների մասով։ Աշխատանքներ ընթանում են, այս պահին ստացվել են փաստաթղթեր տարբեր կազմակերպություններից, իրականացվել է որոշակի աշխատանք, այդ թվում՝ «Ռոսատոմ» կորպորացիայի հետ։ Բայց աշխատանքներ կիրականացվեն ատոմակայանների կառուցման փորձ ունեցող բոլոր երկրների հետ», – ընդգծեց Մարտիրոսյանը։

Նա նշեց երկրները, որոնք կառուցում են նման ԱԷԿ–ներ և որոնցից Հայաստանն ակնկալում է առաջարկներ, դրանք են Չինաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան, Հարավային Կորեան։

Նոր ԱԷԿ–ի հարմար նախագծի, կառուցման և գործարկման համար պահանջվող ժամկետների մասին հարցին ի պատասխան՝ Մարտիրոսյանը նշեց, որ մեկնարկից առաջ սովորաբար հաշվարկվում է 8–12 տարի՝ կախված նախագծից։

«Այս ժամանակահատվածն ընդգրկում է ԱԷԿ–ի նախագծման, կառուցման և գործարկման աշխատանքները, այդ թվում՝ կայանի աշխատունակության և տարբեր համակարգերի իրական աշխատանքի գնահատումը», – հայտարարեց գլխավոր տնօրենը։

Նա տեղեկացրեց, որ ապագա ԱԷԿ–ի պարամետրերը մշակվում են «Էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատոր» ՓԲԸ–ի հետ, որպեսզի հնարավոր լինի «կառուցել այն ապագա սերունդների համար 100–ամյա հեռանկարով»։

«Այս պահին բավականին բարդ է կանխատեսել այն հզորությունները, որոնք կունենանք 30–40 տարի անց, և չսխալվել», – նշեց Մարտիրոսյանը։

Աղբյուրը՝   arka.am