Արագածոտնի մարզպետը Աշտարակի համայնքապետի հետ դիտարկել է համայնքում պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերը

Արագածոտնի մարզպետը Աշտարակի համայնքապետի հետ դիտարկել է համայնքում պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերը
ՀՀ Կառավարության հատկացրած միջոցներով Արագածոտնի մարզում մի շարք վերակառուցման ծրագրեր են իրականացվում՝ դպրոցաշինությունից մինչև ճանապարհների բարեկարգում։
Աշտարակ համայնքում իրականացվող ծրագրերի ընթացիկ աշխատանքները դիտարկելու նպատակով, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի և մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, այսօր շրջեց համայնքում։ Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ համայնքում շինարարությունը ակտիվորեն շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։
Առաջին կանգառը Սասունիկի Գևորգ Չաուշի անվան նոր կառուցվող դպրոցում էր։ Դպրոցը կառուցվում է ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում, շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարում։ Ծրագրի ընդհանուր արժեքն է 2 մլրդ 350 մլն դրամ, նոր դպրոցը լինելու է 432 տեղ հզորությամբ։
Մարզպետի հետ զրույցում շինարարը նշեց, որ դպրոցի կառուցման ավարտը նախատեսվում է 2025 թ․ օգոստոսին, բայց աշխատանքների ինտենսիվ ընթացքը խոստանում է շենքն ավելի վաղ շահագործման հանձնել։ Ի դեպ, նոր կառուցվող դպրոցն ունենալու է ամֆիթատրոն, ձմեռային այգի, բացօթյա մարզադահլիճ և ժամանակակից այլ ենթակառուցվածքներ։
Հաջորդիվ, մարզային և համայնքային իշխանության ղեկավարներն այցելել են Կարինի միջնակարգ դպրոց, որը ևս «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կունենա նոր շենք՝ 144 տեղ հզորությամբ։ Տնօրենության հետ զրույցում մարզպետը քննարկել է կառուցման աշխատանքներին առնչվող հարցեր։ Նշենք, որ դպրոցի կառուցման մրցույթը կայացել է, կա հաղթող, շինարարությունը մեկնարկելու է առաջիկայում։
Շրջայցն ամփոփվել է Աշտարակ քաղաքում՝ Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Աշտարակ քաղաքի հիմնանորոգվող հատվածում։ Ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։
Մարզկենտրոնում գտնվող 3.965 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 797 մլն 908 հազ դրամ։ Այս օրերին արդեն իրականացվել են մայթերի սալիկապատման, վաքերի և եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։ Շինարարների հետ զրույցում մարզպետը պատրաստակամություն է հայտնել ցանկացած հարցով աջակցելու և հորդորել խիստ հետևողական լինել որակի ապահովման հարցում։