Քննարկվել է Շիրակի մարզում գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Քննարկվել է Շիրակի մարզում գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարտի 26–ին անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունն աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Խորհրդակցության օրակարգային առաջին հարցն առնչվել է մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին։ Անդրադարձ է կատարվել նախորդ երկու տարիներին մեկնարկած և 2024 թվական տեղափոխված ծրագրերին ու դրանք ժամկետներում իրականացնելուն։
«Մեր շրջայցերը կրելու են պարբերական բնույթ, բացի նրանից, որ մշտադիտարկման աշխատանքային խմբին հանձնարարված է ամենայն պատասխանատվությամբ հետևել բոլոր աշխատանքներին, ես անձամբ նաև շարունակելու եմ լինել բոլոր շինօբյեկտներում։ Մեր նպատակը մեկն է՝ անել հնարավորը պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող այս ծրագրերով նախատեսված աշխատանքները ժամանակին ու որակով իրականանցնելու համար», - նշել է Շիրակի մարզպետը։
Նշենք, որ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերից 18-ը 2024-ին ընթացքի մեջ է, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 5 մլրդ 397 մլն դրամ։ 2024 թվականի համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 44 տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ամբողջական փաթեթ՝ 165 ենթածրագրերով։ Ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմել է 11 մլրդ 49 մլն դրամ, ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը՝ 6 մլրդ 36 մլն դրամ՝ 54.6 տոկոս, ծրագրերը գտնվում են քննարկման փուլում։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել է մարզի համայնքներում գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ըստ այդմ մարզպետին զեկուցվել է, որ 2024 թվականի բերքի տակ կատարվել է շուրջ 13500 հա աշնանացան ցորենի ցանք, որը ձմեռացման ընթացքում վնասներ չի կրել։
Ոռոգման սեզոնի ընթացքում ոռոգման ջրի տրամադրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով մարտի 1-ից Շիրակի մայր ջրանցքով կատարվել են ջրի կուտակման աշխատանքներ Կառնուտի ջրամբարում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ Կառնուտի ջրամբարում այս տարի կուտակված ջուրն ավել է՝ նախորդ տարվա 3.8 մլն մ3 դիմաց այժմ կուտակվել է 5.4 մլն մ3։ Ներկայումս շարունակվում են Կառնուտի ջրամբարում ջրի կուտակման աշխատանքները՝ վայրկյանում 1800 լիտր։
«Մեզ համար գյուղատնտեսությունն առաջնային բնագավառ է և պետք է անենք հնարավորը պետական օժանդակությամբ իրականացվող բոլոր ծրագրերի մասին հավուր պատշաճի մարզի գյուղացիական տնտեսություններին տեղեկացնելու համար, գիտեմ, որ մեր մասնագետները այդ նպատակով եղել են համայնքներում, սակայն կարծում եմ, որ գարնան աշխատանքների մեկնարկով պայմանավորված՝ անհրաժեշտություն կա լինել առանձին բոլոր բնակավայրերում և հանդիպել բոլոր շահառուների հետ, չպետք է մնան տնտեսություններ, որոնք անտեղյակության պատճառով չեն օգտվի ՀՀ կառավարության կողմից իրականացվող տարբեր ծրագրերից»,- ընդգծել է մարզպետը՝ հանձնարարելով ոլորտի մասնագետներին աշխատանքային խմբերով այցելել մարզի բոլոր բնակավայրեր։
Քննարկվել են նաև Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ մարզպետի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խմբի կողմից իրականացվող շրջայցերի արդյունքները, մարզպետին զեկուցվել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում շրջայցերը կավարտվեն և կներկայացվի ամբողջական թարմացված փաթեթ՝ մարզի դպրոցների տեխնիկական, շենքային, գույքային, կադրային և այլ տվյալների ուսումնասիրութամբ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև պատասխանատու ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքային խնդիրներն ու անելիքները, տրվել են մի շարք հանձնարարականներ։