Ճամբարակ և Սևան համայնքներում կազմակերպվել են «Բուսաբուծության աջակցության ծրագրի» իրազեկման աշխատանքներ

Ճամբարակ և Սևան  համայնքներում կազմակերպվել են  «Բուսաբուծության աջակցության ծրագրի»  իրազեկման  աշխատանքներ
Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ Ճամբարակ և Սևան համայնքներում կազմակերպվեցին «Բուսաբուծության աջակցության ծրագրի» իրազեկման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները իրազեկման հերթական արշավով մարտի 26-ին հանդիպումներ ունեցան Ճամբարակ և Սևան համայնքների գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ, խոսեցին ՀՀ կառավարության աջակցությամբ 2024 թվականին իրականացվող «Բուսաբուծության աջակցության ծրագրի» բովանդակության, դրանից օգտվելու հնարավորությունների, ծրագրի արդյունավետության մասին, պատասխանեցին ներկաների կողմից բարձրացված հարցերին։
Ըստ ներկայացվածի՝ ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 14-ի հերթական նիստում որոշում է կայացվել պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հաստատել «Բուսաբուծության աջակցության ծրագիրը», որը կխթանի գարնանացան հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) հավաստագրված սերմերով մշակության իրականացմանը, մարզերում ցանքատարածությունների ավելացմանը։
Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա՝ հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 %-ը։
Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝
  • հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ,
  • հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 ՀՀ դրամ,
  • բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ։

Ծրագրին մասնակցելու նպատակով մինչև ցանքն անհրաժեշտ է դիմել համայնքի կամ բնակավայրի ղեկավարին։