ՎԶԵԲ-ը նշել է ՀՀ-ի համար ռիսկերը՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետ

ՎԶԵԲ-ը նշել է ՀՀ-ի համար ռիսկերը՝ կապված  ռուս-ուկրաինական  հակամարտության հետ

Պատերազմի սկզբից ի վեր իր առաջին տնտեսական կանխատեսման մեջ ՎԶԵԲ-ը նվազեցրել է 2022 թվականի աճի կանխատեսումն իր ներկայության տարածաշրջանների համար ավելի քան կեսով՝ մինչեւ 1,7%, ինչը 2,5%-ով ցածր է նախորդ կանխատեսումից: Բանկը 2023 թվականին իր տարածաշրջաններում ավելի կայուն աճ է ակնկալում՝ 5%-ի մակարդակում։

Պատերազմի հետեւանքները նկարագրելով որպես «առաջարկի ամենամեծ ճգնաժամ առնվազն 1970-ականների սկզբից ի վեր», բանկը կանխատեսում է, որ սննդամթերքի, նավթի, բնական գազի եւ մետաղների գների աճը զգալի ազդեցություն կունենա տնտեսության վրա, հատկապես՝ ցածր եկամուտ ունեցող երկրներում։ Ռուսաստանը եւ Ուկրաինան մատակարարում են ապրանքների անհամաչափ մեծ մասնաբաժին, այդ թվում՝ ցորեն, եգիպտացորեն, պարարտանյութ, տիտան եւ նիկել։

Նոր կանխատեսումները հիմնված են մի շարք իրադարձությունների մասին ենթադրությունների վրա, որոնք տեղի կունենան առաջիկա ամիսներին, ուտի բավականին անորոշ են: Սակայն պարզ է, որ շատ երկրների տնտեսություններ լրջորեն կտուժեն, դրանցից ոմանք էլ՝ ավելի, քան մյուսները։

Օրինակ՝ ՎԶԵԲ-ը կանխատեսում է, որ 2022 թվականի արդյունքներով ակնկալվող 3,5% աճի փոխարեն Ուկրաինայի ՀՆԱ-ն կնվազի 20%-ով, իսկ Ռուսաստանում՝ 10%-ով՝ սպասվող 3% աճի փոխարեն։ 

2022 թվականին բանկը Հայաստանում ՀՆԱ-ի աճ է կանխատեսում 1,5%, իսկ 2023 թվականին՝ 4% մակարդակում։

Նշվում է, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն Ռուսաստանի ուղղությամբ արտահանման բարձր մասնաբաժիններ (25-30%), որի վրա, ամենայն հավանականությամբ, կազդի պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանյան տնտեսության սպասվող անկումը։ Հայաստանը կարող է տուժել նաեւ Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների կրճատումից։ Որոշ չափով դա կարող է փոխհատուցվել Հայաստան եւ Վրաստան ժամանող ռուսաստանցիների թվի աճով, ովքեր ապաստան են փնտրում այս երկրներում: Սպասվում է նաեւ, որ զբոսաշրջությունը կտուժի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Էստոնիայում, Վրաստանում եւ Չեռնոգորիայում:

ՎԶԵԲ-ը Ռուսաստանում չի իրականացրել նոր գործարքներ 2014 թվականից ի վեր, իսկ վերջերս էլ հայտարարեց Մոսկվայում եւ Մինսկում իր գրասենյակների փակման մասին։ Բանկը դատապարտեց Ուկրաինա ներխուժումը եւ հայտարարեց €2 միլիարդի կայունության ապահովման նախնական փաթեթի մասին՝ այդ երկրի տնտեսությանը եւ տուժած հարեւաններին աջակցելու համար:

ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Բեատա Յավորչիկի խոսքով՝ «Ուկրաինայի հետ պատերազմը մեծ ազդեցություն է ունեցել ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանների, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի տնտեսությունների վրա: Գնաճային ճնշումն առանց այդ էլ եղել է բացառիկ բարձր մակարդակի վրա, եւ, կարծես թե, ավելի կվատթարանա՝ անհամաչափ ուժեղ ազդեցություն ունենալով ցածր եկամտով երկրներից շատերի վրա, որտեղ մենք աշխատում ենք»:

Եվրոպան եւս բախվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդկանց ամենամեծ հարկադիր տեղաշարժմանը, եւ զեկույցում ուսումնասիրվում են այս միգրացիայի հնարավոր հետեւանքները:

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո մի շարք երկրներ հայտարարեցին նաեւ ռազմական ծախսերի ավելի բարձր նպատակային ցուցանիշների մասին:

ՎԶԵԲ-ը կանխատեսումները ենթադրում են, որ միջնորդների աջակցությամբ հրադադարը ձեռք կբերվի մի քանի ամսվա ընթացքում, որից հետո կսկսվի Ուկրաինայի զանգվածային վերակառուցումն, ինչի արդյունքում 2023 թվականի ավարտին Ուկրաինայի ՀՆԱ-ն կմոտենա նախապատերազմյան ցուցանիշին մոտ, բայց դեռեւս կլինի ավելի ցածր մակարդակում:

Նման անորոշության պայմաններում բանկը մտադիր է առաջիկա երկու ամիսների ընթացքում լրացուցիչ կանխատեսում պատրաստել։

Աղբյուրը՝  banks.am