«Եկեք որպես հարկատու փորձենք աշխատեցնել կառավարությանը»․ տեղի ունեցավ ՀԳՀՄ համագումարը

Հայաստանի Գործատուների հանրապետական միությունն արդեն 16 տարեկան է։ Միությունը մարտի 29-ին հրավիրել էր 6-րդ համագումարը։ ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացրեց իրենց գործունեության հաշվետվությունը:
Մակարյանն ասաց, որ միությունն այսօր ունի 14 012 անդամ, որոնք հիմնականում ներկայացնում են միկրո, փոքր ու միջին ձեռնարկությունները։ «Մենք փաստորեն հանդիսանում ենք Հայաստանում մասնավոր հատվածի 22 տոկոսը ներկայացնող միություն։ Ունենք 32 ոլորտային և տարածքային միություններ։ Վերջին ճյուղային միությունը, որը հիմնադրեցինք այս տարվա հունվարին, նորարարության, կանաչ տնտեսության և թվայնացման ոլորտին է վերաբերում։ Կանաչ տնտեսությունն ու կլիմայի փոփոխությունը նույնպես մեզ համար շատ կարևոր գերակայություն են։ Կարևոր է նաև նորարարության խթանումը նաև պետական գնումների համակարգում»,- նշեց Գագիկ Մակարյանը։
Անդրադառնալով սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին՝ Մակարյանն ասաց․ «Մենք չենք խոսում մարզերում միայն ենթակառուցվածքներ ստեղծելու մասին, այլ խոսում ենք փաթեթային մոդելի մասին, որտեղ ներկայացվում է առողջապահության, կրթության, արտադրությունների կամ ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև մշակութային կենտրոնների հասանելիությունը, որ մարդիկ մնան իրենց բնակավայրում, դեմոգրաֆիական խնդիրներ չլինեն, մարզերը զարգանան»։
Անդրադառնալով արտահանման խթանման աշխատանքներին՝ Մակարյանն ասաց, որ այս հարցում շատ են կարևորում որակի կառավարման համակարգերի ներդրումը, սերտիֆիկացման հարցերը։ Միության հիմնական ծրագրերը վերաբերում են օրենսդրական բարեփոխումներին։ Միությունն ակտիվ ընդգրկված է Հարկային և Աշխատանքային օրենսգրքերի,տնտեսական քաղաքականությանն առնչվող այլ օրենքների փոփոխությունների մշակման գործընթացներում։

«Մեր հիմնական ծրագրերն իրականացրել ենք հետևյալ ոլորտներում՝ պարենի անվտանգություն, արդյունաբերության զարգացման ինտեգրված ռազմավարություն, պետական աջակցության գործիքակազմի արդյունավետության գնահատում, շահերի պաշտպանություն, մարզերի զարգացման մոդել և բիզնես ու ներդրումային խթանման տարբեր ծրագրեր։ Ներդրումների ոլորտի խոչընդոտները մենք փոխանցում ենք համապատասխան պետական մարմիններին»,- նշեց Մակարյանը։
Միությունն ակտիվ համագործակցում է տարբեր երկրների հետ։ Գագիկ Մակարյանն ընդգծեց հատկապես Իրանի հետ համագործակցությունը։ Ասաց, որ բավական լավ համագործակցություն կա Սիրիայի, Հնդկաստանի, Եվրոպական ու ԵԱՏՄ երկրների հետ։
Մակարյանը կոչ արեց, որ պետական մարմիններն ավելի խորացնեն համագործակցությունը Միության հետ, իրենք կուտակված փորձն ու գիտելիքները պատրաստ են տրամադրել պետական հաստատություններին։ «Երկխոսությունը ցույց է տալիս, որ պետական մարմինները ոչ միշտ են հստակ տիրապետում, թե գործնականում ի՞նչ է կատարվում։ Որտեղ համագործակցությունն ակտիվ ու լավ է, այնտեղ հաջողություններն առկա են։ Մեզ համար շատ կարևոր է կրթությունը, որովհետև կրթությունը դիտում ենք որպես Հայաստանի մրցունակության զարգացման և գործատուների մոտ արտադրողականության բարձրացման կարևոր նախապայման։ Կրթությունը կարևոր է նաև արտահանման համար, որովհետև որակյալ աշխատուժը որակյալ ապրանք կարող է ստեղծել։ Եվ պատահական չէ, որ ունենք դպրոցներ-քոլեջներ-բուհեր համագործակցության շղթան»,- նշեց Գագիկ Մակարյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը նոր ծրագրերի փաթեթ է նախապատրաստում ՀՀ համար, որը վերաբերելու է նաև արցախցիների ինտեգրմանը։ «Մենք ջատագովում ենք այն ուղղությունը, որ պետությունը սուբվենցիոն ծրագրերով կարող է ոչ միայն ենթակառուցվածքներ ստեղծել, այլ նաև արտադրություններ կազմակերպել, համայնքային նշանակության ծառայություններ ու գործարաններ ստեղծել, որոնք կարող են աշխատանքի տեղավորել նաև արցախցիներին»,- ասաց նա։
Արտաքին հարաբերությունների մեջ Միությունը կարևորում է տնտեսական դիվանագիտության խթանումը։ «Հաճախ մենք տեղյակ չենք, թե մեր պետական մարմինները դրսում ի՞նչ են բանակցում, ինչքանո՞վ են պատրաստված այդ բանակցություններին։ Եվ դրա համար կարևոր է տնտեսական դիվանագիտության զարգացումը»,-ընդգծեց Մակարյանը։
ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն անդրադարձավ հարցին, թե գործատուների հետ համագործակցությունը որքանով է անդրադառնում կրթության որակի վրա։ Ըստ նրա՝ աշխատաշուկայի վերլուծությունը, գործատուների պահանջներին համապատասխան շրջանավարտների թողարկումը կրթական համակարգի գերակա խնդիրներից մեկն է։ «Հատկապես այսօր կուզեի խոսել նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի մասին, քանի որ այս ոլորտում բավական մեծ ծավալի փոփոխություններ են նախատեսվում։ Եթե նախկինում գործատուների դերն անհերքելի էր, ապա մասնագիտական կրթության նոր մոտեցումների ներդրման շրջանակներում գործատուների դերակատարումը շատ ավելի է մեծանում, հետևաբար մենք շահագրգիռ ենք։ Առաջիկայում էլ ավելի մեծ ջանքեր են ներդրվելու այդ ուղղությամբ, որպեսզի գործատուները կրթության ոլորտում առավել մեծ մասնակցության հնարավորություն ունենան»,- ասաց Արաքսիա Սվաջյանը։

Ըստ նրա՝ գերմանական փորձի ուսումնասիրությունից պարզել են, որ ուսումնական հաստատությունների ուսանողները ամսվա մեջ մեկ օր կամ մեկ շաբաթ գալիս էին ուսումնական հաստատություն դասերի, իսկ ժամանակի 75 տոկոսը գործատուների մոտ են անցկացնում։ Այսինքն՝ իրականացվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցում։ Փոխնախարարի խոսքով՝ փորձում են այդ մոդելը ներդնել նաև Հայաստանի օրենսդրությունում։ «Բայց իրավական կարգավորումներից զատ, այստեղ ամենակարևորը մոտիվացիան և այդ դերակատարման գիտակցումն է, թե գործատուները, որքան մեծ ազդեցություն և կարևորություն կարող են ունենալ մասնագիտական կրթության որակական փոփոխության հարցում»,- ասաց Արաքսիա Սվաջյանը։
Փոխնախարարը համագումարին ներկա գործարարներին հորդորեց գալ դեպի կրթություն։ «Մենք պատրաստ ենք գնալ քննարկումների, ստեղծել այնպիսի ճկուն համակարգեր, որ գործատուներն ավելի ակտիվ ընդգրկվածություն ունենան ոլորտում»,- ասաց նա։
Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ մասնագիտությունների ցանկը պետք է բխի աշխատաշուկայի կարիքներից։ «Երբեմն ես ապշում եմ, թե մենք ինչ մասնագիտություններ ենք ուսուցանում, որովհետև դրանք կորցրել են իրենց արդիականությունը։ Բայց մենք ունենք շատ արդիական մասնագիտությունների կարիք, որոնց կրթական ծրագրերը դեռևս չենք ներդրել։ Եվ այդ կարիքի մասին պահանջարկը պիտի գա հենց գործատուներից»,- հավելեց նա։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նույնպես ելույթ ունեցավ համագումարում։ Նա բարձրաձայնեց ֆինանսական անվտանգության, ժողովրդագրական և այլ սպառնալիքների մասին։ «Ես կուզենայի, որ այս հարցերը նաև գործատուների կողմից հնչեին, հուշեին պետությանը, թե ինչի վրա արժե ուշադրություն դարձնել»,- ասաց տնտեսագետը։ Մանասերյանը նաև կոչ արեց փոքր ու միջին բիզնեսը նույն հարթության վրա չդիտարկել․ «Ինքներդ գիտեք՝ փոքր բիզնեսն իր դարդ ու ցավն ունի, միկրոբիզնեսն էլ դեռ պետք է կայացնենք, բերենք փոքրի դաշտ ու աճեցնենք մինչև միջին։ Դրա համար լավ կլինի, որ կարողանանք տարբերակել փոքրն ու միջինը և դրանով նպաստել խնդիրների ճիշտ լուծմանը»։
Թաթուլ Մանասերյանը նաև ասաց, որ մեզանում պետք է արմատավորել հարկատուի լավ գծերը, պահանջկոտությունը։ «Մեր հասարակության մեջ կամ շատ ուրախ ենք, թե ինչ է անում պետությունը, կամ՝ անմիջապես խոսում ենք իշխանափոխության մասին։ Կառավարությանն աշխատեցնելու փորձեր ես չեմ տեսել մեր անկախության շրջանում։ Եկեք որպես հարկատու փորձենք աշխատեցնել կառավարությանը»։
Աշխատանքի միջազգային կազմակերպության ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանն անդրադարձավ միության հետ համագործակցությանը, որը ներառում է նաև ձեռնարկությունների արտադրողականության և մրցունակության խրախուսումը՝ աշխատանքի միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման միջոցով։

Համագործակցության շնորհիվ նաև վեր են հանվել գործարարների և կայուն ձեռնարկությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծման խոչընդոտները և ներկայացվել են կառավարությանն ու քաղաքականություն մշակող մարմիններին։ «Միությունում ստեղծվել է աշխատանքի առողջության և անվտանգության առաջին տեղեկատվական կենտրոնը, որի միջոցով ձեռնարկություններին ծառայություն է մատուցվում աշխատանքի անվտանգության ոլորտում՝ շեշտադրելով, որ առողջ և անվտանգ միջավայրում աշխատանքի ապահովումն ուղղակի կապ ունի գործատուների շահույթի և արտադրողականության բարձրացման հետ»,- ասաց Նունե Հովհաննիսյանը։