ԵՄ-ն քաղաքական լծակների բազմազանությամբ ՀՀ-ի անվտանգային կայունության համար ձեռնարկում է գործուն քայլեր. քաղաքագետ

ԵՄ-ն քաղաքական լծակների բազմազանությամբ ՀՀ-ի անվտանգային կայունության համար ձեռնարկում է գործուն քայլեր. քաղաքագետ

Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների սերտացումն ունի կարևոր նշանակություն, որովհետև ԵՄ-ն այն կենտրոնն է, որի հետ Հայաստանի փոխգործակցությունն ունի երկարամյա պատմություն, իսկ վերջին շրջանում փոխշահավետ հարաբերությունները գնալով ավելի են խորանում՝ պայմանավորված մի քանի հանգամանքներով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը` անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության միջև օրըստօրե զարգացող բազմաշերտ հարաբերություններին։

«Առաջին գործոնը Հայաստանում ժողովրդավարական չափանիշների բարձրացումն է վերջին վեց տարիների ընթացքում, ինչը թույլ է տալիս Եվրամիությանը մեր երկիրը դիտարկել որպես ժողովրդավարական պետություն, որը հետագայում կարող է մեծ հաջողությամբ կիսել ընդհանուր քաղաքական ու տնտեսական օրակարգեր։ Իսկ երկրորդ գործոնը պայմանավորված է 2020 թվականի պատերազմից հետո ԵՄ-ի կողմից տարբեր մակարդակներում և օղակներում, լինի արդարադատական մարմինների աշխատանքի, թե քաղաքական հայտարարությունների տեսքով, ցուցաբերված աջակցությամբ և միջնորդական ջանքերով, որոնք ուղղված են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը՝ կողմերի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները հարգելու միջոցով։ Այսինքն՝ ԵՄ-ն ցույց տվեց, որ ճանաչում է Հայաստանը՝ որպես սուվերեն պետություն՝ հարգելով նրա տարածքային ամբողջականությունը»,- ասաց Օրդուխանյանը։

Նա հավելեց, որ ասվածը հաստատելու համար արժե վկայակոչել նաև ՀՀ-ում եվրոպական դիտորդական առաքելության գործունեությունը, որը լավագույնս աշխատում է տևական ժամանակ և ունի ընդլայնման հեռանկար, ինչը ցույց է տալիս, որ կան ընդհանուր արժեքներ և օրակարգ, ու սա այն միջավայրն է, որը լայն իմաստով հաղորդակցվում է Հայաստանի անվտանգային խնդիրներին և հանձնառու է դարձնում ԵՄ-ին՝ դրանք լուծելու գործում աջակցելու մեր երկրին։ 

«Այստեղ կիրառվում են բացառապես փափուկ գործիքներ, չկա կոշտ հռետորաբանություն և միևնույն ժամանակ համաձայնեցված օրակարգ է։ Ապրիլի 5-ին կայանալիք եռակողմ հանդիպումը քաղաքականության պաշտոնական դիվերսիֆիկացումից բացի, Հայաստանին նաև տնտեսական դիվերսիֆիկացիայի հնարավորություններ է տալու։ ԵՄ-ի հիմնադիր պետություններից Ֆրանսիան արդեն Հայաստանի պաշտպանական դիվերսիֆիկացիայի հարցում ունի գործուն մասնակցություն՝ մատակարարելով սպառազինություն, ինչը շատ կարևոր նախադրյալ է հասկանալու, որ Եվրամիությունը նաև հետզհետե քաղաքական լծակների բազմազանությամբ ՀՀ-ի անվտանգային կայունության համար ձեռնարկում է գործուն քայլեր։ Եթե մեր հարաբերությունները գնալով սերտանում են, ապա փոխադարձ հանձնառությունները դառնում են շատ ավելի իրատեսական»,- նշեց մեր զրուցակիցը։

Օրդուխանյանի դիտարկմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց՝ համաձայն քառակողմ հայտարարության և Ալմա Աթայի հռչակագրի, որոնց հիմքում պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հանդեպ հարգանքն է, առավել ևս, որ Պրահայի քառակողմ հայտարարությունից հետո նշվել է նաև պետությունների տարածքը կոնկրետ քառակուսի կիլոմետրերով։

«Եթե հնարավոր է լինում առաջնորդվել այս օրակարգով, ապա տարածաշրջանում կհասնենք այն խաղաղությանը, որը նաև տարածաշրջանը զարգացնելու կայուն հիմքեր կստեղծի։ Հայաստանի ինքնիշխան քաղաքական որոշումներն ուղղված չեն որևէ պետության դեմ, այդ թվում՝ Իրանի Իսլամական հանրապետության, որի հետ ունենք բարեկամական հարաբերություններ, շատ կարևոր ռազմավարական սահման և զարգացող տնտեսական փոխգործակցություն։ ՀՀ-ն իր տնտեսական զարգացումն ու դիվերսիֆիկացիան պայմանավորում է ոչ միայն Արևմուտքի, այլև Արևելքի հետ։ Այդ մասին է վկայում նաև Հնդկաստանի հետ կապված խոշոր նախագիծը, որում առանցքային դեր ունի նաև Իրանը։ Հայաստանի որևէ քայլ ուղղված չէ երրորդ երկրի դեմ, և կարծում եմ, որ Իրանը նույնպես ըմբռնմամբ է մոտենում դրան։ Եթե Հայաստանը գնում է այս ճանապարհով, ապա դա դռներ է բացելու նաև հարևան երկրի համար, երբ հնարավոր լինի գործարկել Հնդկաստան-Իրան-Հայաստան կամ Պարսից ծոց-Սև ծով լոգիստիկ ուղիներն իրենց ենթակառուցվածքներով»,- ասաց քաղաքագետը։  

Խոսելով ՀՀ-ի ու ԵՄ-ի տնտեսական փոխգործակցության հեռանկարների մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ թեև Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և տասնմեկ տարի մեր տնտեսությունն ադապտացվել է գործընկեր երկրների տնտեսություններին, այդ կառույցի շրջանակում առկա չափանիշներին ու պահանջներին, իսկ հայ տնտեսվարողներն իրենց հերթին մրցունակ լինելու նպատակով իրենց արտադրանքի որակը փորձել են համապատասխանեցնել ԵԱՏՄ ստանդարտներին և դրանք իրացնել տեղի շուկաներում, բայցևայնպես այս պահին եվրոպական շուկաներում էլ կան հայկական ապրանքանիշեր։

«Քանի որ մեկ-երկու օրում հնարավոր չէ տնտեսությունը դիվերսիֆիկացնել, ուստի եվրոպական կողմը պետք է օգնի Հայաստանում տնտեսական արտադրողական ներուժը բարձրացնել՝ այն համապատասխանեցնելով իր որակական պահանջներին, որպեսզի մեր արտադրանքը որոշակի մրցունակություն ունենա նաև արևմտյան շուկաներում։ Մենք տեսանք, որ Հայաստանը հաստատակամորեն գնում է անվտանգության դիվերսիֆիկացման ճանապարհով, հետևաբար երկրորդ քայլով փաստորեն իրականացնում է տնտեսական դիվերսիֆիկացիա։ Այդ իմաստով՝ ապրիլի 5-ի եռակողմ հայտարարությունը ենթադրաբար կունենա նաև տնտեսական բաղադրիչ։ Տնտեսական դիվերսիֆիկացիան հնարավոր է մի քանի տարվա ընթացքում՝ մեր շուկան համապատասխանեցնելով փոխադարձ ընդունելի և ճանաչելի չափանիշներին, եթե ամեն ինչ ընթանա այն սցենարով ու տրամաբանության, որով այսօր առաջնորդվում ենք»,- ասաց քաղաքագետը։

Օրդուխանյանի կարծիքով՝ ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման հարցը խիստ կարևոր է, բայց այդտեղ կան խնդիրներ, որոնք պայմանավորված են Ադրբեջանի հետ չլուծված կոնֆլիկտի առկայությամբ, ինչն իր հերթին ստեղծում է միգրացիայի շատ հավանական պոտենցիալ դեպի ԵՄ կայուն զարգացած երկրներ։

«Դա է պատճառը, որ Եվրամիությունը շահագրգռված է, որպեսզի հիշյալ կոնֆլիկտը շատ արագ լուծվի փոխադարձ ճանաչելի և ընդունելի սկզբունքներով։ Հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո շատ ավելի իրատեսական կդառնա վիզաների ազատականացումը Հայաստանի քաղաքացիների համար»,- եզրափակեց մեր զրուցակիցը։        

Մանվել Մարգարյան