Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցիչներին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Դոն Լամբերտի գլխավորությամբ, ընդունել է կազմակերպության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակարաշինության և սոցիալական ծառայությունների թվայնացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։
Նախարար Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական բնակապահովության ոլորտում ՀՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթություններն ու իրականացվող աշխատանքները՝ շեշտելով, որ նախատեսվող ծրագրերի թիրախում և՛ ԼՂ-ից տեղահանված անձինք են, և՛ ՀՀ խոցելի ընտանիքները։ Ներկայացնելով ԼՂ հայրենակիցների բնակապահովման ուղղությամբ անելիքները՝ նախարարը նշել է, որ դրանք ներկայումս քարտեզագրման փուլում են։
Կողմերն անդրադարձել են նաև սոցիալական ծառայությունների թվայնացման գործընթացում արդեն իսկ կատարված աշխատանքին, մասնավորապես՝ շեշտելով «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ իրականացված աշխատանքների կարևորությունը։ Այս համատեքստում նախարար Մկրտչյանը խոսել է նաև անձի ֆունկցիոնալության գնահատման e-Disability հարթակի ստեղծման մասին և նշել, որ այն ԱԶԲ-ի հետ արդյունավետ համագործակցության լավ օրինակներից է:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային կարգով շարունակել հանդիպումները քննարկված թեմաների շուրջ։