Շիրակի մարզպետի տեղակալը հերթական շրջայցն է անցկացրել՝ դիտարկելու ավարտական փուլում գտնվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր հերթական շրջայցն է անցկացրել՝ դիտարկելու բնակավայրերում իրականացվող և արդեն ավարտական փուլում գտնվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։
Պատասխանատուների առաջին կանգառը եղել է Ազատան բնակավայրում։ Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել ու ցանկապատվել է բնակավայրի մանկապարտեզը։ Ծրագրի պայմանագրային արժեքը 40 մլն 822 հազար դրամ է կազմել, որից Կառավարությունը տրամադրել է 26 մլն 554 հազարը։ 150 երեխայի համար նախատեսված մանկապարտեզն ունի 6 խումբ։
Պատասխանատուներն այնուհետ դիտարկել են «Ախուրյան համայնքի Ոսկեհասկ բնակավայրի կենտրոնական ճանապարհի և Ազատան բնակավայրի ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրով Ազատան բնակավայրի ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման ենթածրագրով իրականացված աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 51 մլն 971 հազար դրամ, որից Կառավարության համամասնությունը՝ 45 տոկոս, ենթածրագրով ասֆալտապատվել է 360 մ ճանապարհ։
Այցի շրջանակներում մշտադիտարկման հանձնաժողովը եղել է նաև Բենիամին բնակավայրում, որտեղ «Շիրակի մարզի Ախուրյան համայնքի՝ Բենիամին, Ազատան, Երազգավորս և Ախուրյան բնակավայրերի ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ենթածրագրով ասֆալտապատվել է բնակավայրի 1-ին փողոցը, ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմել է 57 մլն 561 հազար դրամ։ Պետությունը հատկացրել է գումարի 45 տոկոսը: Ծրագրի արդյունքում ասֆալտապատվել է 693 մետր ճանապարհ։
Այցելություն է եղել նաև Երազգավորս բնակավայր, որտեղ սուբվենցին ծրագրով հիմնանորոգվել է ոռոգման համակարգը։
Երազգավորս բնակավայրի ոռոգման ցանցի արդիականացման ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմել է 32 մլն 786 հազար դրամ, որից Կառավարության համամասնությունը՝ 65 տոկոս։ Նորոգվել է 710 մետր ոռոգման ցանց։