ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

ՀՀ բնապահպանության  եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում
Ապրիլի 2-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում ՀՀ բնաապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանը և Ասատուր Վարդանյանը հանդիպում-քննարկում անցկացրին մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների և մարզի համայնքապետարանների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզի տարածքային բաժնի պետ Արտուշ Ղուկասյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը , Սևան համայնքի ղեկավարի օգնական Արման Հարությունյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Մեսրոպ Մկրտչյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանը, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները ներկայացրին այն առաջնահերթությունները, որոնք անհրաժեշտ են բնապահպանության և ընդերքօգտագործման ոլորտներում արձանագրված իրավախախտումները կանխելու և դրանց հետևանքները վերացնելու համար։
Ըստ բանախոսների՝ դրանք հիմնականում գրանցվել են մթնոլորտային օդում վնասակար արտանետումների, հողային բերրի շերտի և անտառային գոտիների վնասման, կենցաղային կոշտ թափոնների միջոցով շրջակա միջավայրի աղտոտվածության և ապօրինի ընդերքօգտագործման ուղղություններում՝ ներկայացնելով նաև փաստացի օրինակներ։
«Բոլոր ուղղություններում մենք պետք է գործենք համատեղ ու համախմբված, որպեսզի բացառվեն նման կարգի իրավախախտումները, իսկ ապօրինի գործունեություն թույլ տված անձինք կամ կազմակերպությունները, առանց բացառության, պետք է բերվեն օրենքի դաշտ։ Այդ դեպքում, կարծում ենք, մեր համակարգում որևէ անլուծելի խնդիր չի մնա»,-նշեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները։
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանն իր հերթին նշեց, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը և մարզի համայնքապետարանները ևս պատրաստակամ են՝ բնապահպանության և ընդերքօգտագործման ոլորտներում տեսչական մարմնի հետ համագործակցված աշխատանք տանելու ուղղությամբ՝ ուշադրության կենտրոնում պահելով բոլոր արձանագրված իրավախախտումները և ի հայտ եկած խնդիրների կարգավորումները։
Հանդիպման ավարտին ՀՀ բնապահպանության և ընդերքի պետական մարմնի ղեկավարի տեղակալները պատասխանեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների և համայնքապետարանների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին։