Մարզերում եկամտային հարկի ետ վերադարձի համակարգը սահմանափակող նախագիծը հետաձգվեց մինչեւ 2 ամիս ժամկետով

Մարզերում եկամտային հարկի ետ վերադարձի համակարգը սահմանափակող նախագիծը հետաձգվեց մինչեւ 2 ամիս ժամկետով

Հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները վերաբերում են տնտեսվարողների կամ ֆիզիկական անձանց կողմից բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում հիպոտեկային վարկի սպասարկման տոկոսները եկամտային հարկից ետ վերադարձնելու համակարգի վերանայմանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 4-ի նիստում Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Առաջարկվող լրացման նպատակն է զարգացնել մարզային քաղաքաշինական եւ տնտեսական ակտիվությունը: Նախագծով 2027 թվականի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձն առաջարկվում է հանել մայրաքաղաքին հարակից Արարատի, Արմավիրի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում ձեռք բերված, կառուցված կամ կառուցվող անշարժ գույքերի դեպքում, իսկ մյուս մարզերում` 2029 թվականի հունվարի 1-ից:

Ըստ փոխնախարարի` համակարգի կիրառելիությունը կնպաստի պետական բյուջեից տրամադրվող եկամտային հարկի գումարների ծավալի ավելացմանը եւ քաղաքաշինական ներդրումային ծրագրերի խրախուսման մեծացմանը: Արման Պողոսյանը շեշտել է, որ նախագիծը չունի որեւէ հետադարձության նորմ, եւ բոլոր այն քաղաքացիները, որոնք մաս կկազմեն այս համակարգում, նրանց վրա որեւէ խստացում չի իրականացվի:

Այս նախագծով առաջարկվում է եւս մեկ փոփոխություն. 2025 թվականի հունվարի 1-ից հետո կնքվող պայմանագրերի մասով եռամսյակի համար վերադարձվող առավելագույն սահմանաչափը նախկին 1,5 մլն ՀՀ դրամի փոխարեն նվազեցվում է` դառնալով 750.000 ՀՀ դրամ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ  Քաղաքաշինության եւ Կադաստրի կոմիտեների իրենց գործընկերների հետ նախագծի շուրջ առաջ եկած մի շարք հարցերին եւ խնդիրներին առավել ճշգրիտ լուծումներ տալու համար նպատակահարմար է հարցի քվեարկությունը հետաձգել 2 ամիս ժամկետով:

Հիմնական զեկուցողի համար առաջարկն ընդունելի է եղել: