Քննարկվել են «Սևան» ազգային պարկի տարածքում հանգստացողների անվտանգության ապահովման հարցեր

Քննարկվել են «Սևան» ազգային պարկի տարածքում հանգստացողների անվտանգության ապահովման հարցեր
Քննարկվել են «Սևան» ազգային պարկի տարածքում հանգստացողների անվտանգության ապահովման, հնարավոր արտակարգ դեպք-պատահարների կանխարգելման, լողափերում փրկարարական ծառայության կազմակերպման հարցեր։
Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության հաղորդագրության, ապրիլի 3-ին, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանին, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանին և Էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Վարդան Սարգսյանին։
Հանդիպմանը ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալները, պատասխանատու ոլորտների պաշտոնատար անձինք։
Հանդիպման առանցքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում հնարավոր արտակարգ դեպք-պատահարների կանխարգելման, հանրային և մասնավոր լողափերում փրկարարական ծառայության կազմակերպման, պետություն-մասնավոր համագործակցության ձևավորման հարցերն էին։
Ողջունելով հյուրերին՝ Փրկարար ծառայության տնօրենը ներկայացրեց լողասեզոնի ընթացքում հանգստացողների անվտանգությունն ապահովելու նպատակով Սևանա լճի հանրային լողափերում և Շողակաթ բնակավայրի Սևանա լճի ափամերձ գոտում Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների ուժերով և միջոցներով շուրջօրյա ջրափրկարարական հերթապահությունները, կատարված աշխատանքները, ինչպես նաև լողափերում փրկարարական ծառայողների կողմից իրականացվող իրազեկման աշխատանքները։
Իր խոսքում Տնօրենն անդրադարձավ լողափերում և բուֆերային գոտիներում հսկողության, տվյալ տարածքները շահագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից փրկարարական և բուժսպասարկման ծառայությունների իրականացման հարցերին՝ կարևորելով հսկիչ-փրկարարի ինստիտուտի ձևավորման և ներդրման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա կանխարգելել ջրային գոտիներում դժբախտ պատահարները, միաժամանակ ապահովել հանգստացողների անվտանգությունը։
ՆԳ նախարարի տեղակալը պատրաստակամություն հայտնեց կազմակերպել փրկարարների, փրկարարական կազմավորումների վերապատրաստման և որակավորման գործընթացը՝ որպեսզի վերջիններս առավելագույն պատրաստված լինեն փրկարարական գործողություններ իրականացնել նշված տարածքներում։
Հանդիպման շրջանակներում քննարկվեցին նաև ջրային տրանսպորտային միջոցներում տեղորոշման համակարգի տեղադրման, դրանց գրանցման և հաշվառման, ջրային հատվածում՝ անվտանգության գոտիների սահմանման և արգելանշանների տեղադրման, ափամերձ տարածքներում՝ սանիտարական վիճակի համապատասխանության և փրկարարական աշտարակ-դիտակետերի տեղադրման հարցերը։
Ի թիվս այլ հարցերի քննարկվեցին պետություն-մասնավոր գործառույթների տարանջատման և իրականացման, օրենսդրական դաշտի բարելավման, վարչական պատասխանատվության սահմանման, այլ միջոցառումների իրականացման հարցեր։