Մոլդովան հայտարարել է, որ ԱՄՆ-ից գազի մատակարարումն ավելի թանկ է, քան ռուսականը
ԱՄՆ-ից գազի գնումը, որը Մոլդովան իրականացրել է փորձնական ռեժիմով, ավելի թանկ է եղել, քան Ռուսաստանից մատակարարումները։ Այս մասին TV 8 հեռուստաալիքին հայտնել է հանրապետության էներգետիկայի նախարար Վիկտոր Պարլիկովը։
Նախարարը նշել է, որ ապրիլին «Գազպրոմը» Մոլդովային գազ է մատակարարել 1000 խորանարդ մետրը մոտավորապես 327 դոլարով։
«Սա փորձնական գնում էր՝ հասկանալու համար, թե ինչպես է այն աշխատում: Գնային տարրը երկրորդական էր: Եթե գնային առաջարկը զգալիորեն ավելի լավը լիներ, քան ռուսականինը, մենք այլ ծավալներ կվերցնեինք», - պարզաբանել է պաշտոնյան:
Պարլիկովի խոսքով՝ այս շաբաթ Մոլդովան Հունաստանի Ալեքսանդրապոլիս քաղաքի նավահանգստով ներմուծել է 2.6 միլիոն խմ գազ:
Հիշեցնենք՝ դեռ 2022-ին «Գազպրոմը» հանրապետության միակ գազամատակարարն էր: Ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից հետո ռուսական ընկերությունը 30%-ով նվազեցրեց իր օրական մատակարարման ծավալը՝ Ուկրաինայի տարածքով սահմանափակ տարանցման հետ կապված տեխնիկական խնդիրներով պայմանավորված: Այս իրավիճակում աջափնյա Մոլդովան ամբողջությամբ անցավ եվրոպացի մատակարարներից վառելիք գնելուն։
Աղբյուրը` b24.am