Երևանում գտնվող անշարժ գույքը նախատեսվում է օտարել դասական աճուրդով

Երևանում գտնվող անշարժ գույքը նախատեսվում է օտարել դասական աճուրդով

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց 39/3 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարել դասական աճուրդով:

Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 262 100 000 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 13 105 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է պետբյուջե։ Նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով 6-ամսյա ժամկետում կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց Գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ Շիրակի մարզի Գյումրու Լիսինյան փողոց թիվ 15 հասցեով շինությունը կփոխանցվի համայնքին՝ հետագայում այն անհատույց օգտագործման իրավունքով «Ամերիկյան Փարոս» հիմնադրամի սոցիալական ծրագրեր իրականացնող «Դեպի առաջ» բարեգործական ՀԿ-ին տրամադրելու նպատակով: Կազմակերպությունը նախատեսում է 500000 ԱՄՆ դոլարի չափով ներդրում անել վերոնշյալ շենքի վերակառուցման և ներքին հարդարանքի համար։

«Ամերիկյան Փարոս» հիմնադրամի ներկայացված ծրագրով նախատեսվում է կառուցել 20-25 բնակարաններ՝ երկրորդ, երրորդ և չորրորդ հարկերում, իսկ առաջին հարկում լինելու է կարի արտադրամաս և ուսումնական կենտրոն բարեգործական նպատակներով, որի համար համայնքի և «Ամերիկյան Փարոս Հիմնադրամի» միջև կնքվել է հուշագիր։ Վերոնշյալ սոցիալական բնակարանները հետագայում կհատկացվեն համայնքում ապրող միայնակ, անժառանգ, տնակում բնակվող, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին, որոնք մինչ օրս չեն օգտվել որևէ պետական աջակցությունից։