Երևանում կառուցվող շինությունների սեփականատերերից որպես կաշառք պարբերաբար ստացել են տարբեր չափի գումարներ

Երևանում կառուցվող շինությունների սեփականատերերից որպես կաշառք պարբերաբար ստացել են տարբեր չափի գումարներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության,  տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի երկու ստորաբաժանումների ղեկավարներ Ա. Ս.-ն և Կ. Կ.-ն, ինչպես նաև նույն տեսչական մարմնի 4 աշխատակիցները, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություններ կատարելու, ապօրինի անգործություն դրսևորելու համար Երևանում կառուցվող մի շարք շինությունների սեփականատերերից որպես կաշառք պարբերաբար ստացել են տարբեր չափի գումարներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի վերը նշված պաշտոնատար անձինք Երևանի տարբեր հասցեներում կառուցվող շինությունների՝ շահագործման հանձնելուց առաջ սահմանված նորմերի համապատասխանության վերաբերյալ  ավարտական փաստաթղթերում դրական կարծիք (եզրակացություն) տալու գործընթացը կազմակերպելու համար տվյալ շինությունների սեփականատերերից պահանջել և 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նրանցից ստացել են 50.000-ից մինչև 3.000.000 ՀՀ դրամ  կաշառք, որն այնուհետև բաժանել են միմյանց միջև: