Երևանում կկառուցվի երկու նոր շրջանցիկ ճանապարհ

Երևանում կկառուցվի երկու նոր շրջանցիկ ճանապարհ

Մայրաքաղաքում կկառուցվի երկու նոր շրջանցիկ ճանապարհ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ըստ Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության, Թբիլիսյան խճուղին Եղվարդի խճուղուն կապող նոր ճանապարհը կունենա 2.5 կմ երկարություն և 25 մ լայնություն։ Ճանպարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մ երկարությամբ երկաթյա կամուրջը։ Կկառուցվեն նաև երկկողմանի մայթեր, կանցկացվի ժամանակակից արտաքին լուսավորություն։ Ճանապարհի կառուցումը կարժենա շուրջ 36 մլրդ դրամ, իսկ շինարարությունը կտևի մոտ 4 տարի։ 

«Մենք առաջարկում ենք Թբիլիսյան խճուղին միանգամից կապել Եղվարդի խճուղուն՝ ձորի հատվածով, ինչպես նաև գետի վրայով կառուցել կամրջային հատված։ Եղվարդի խճուղում կլինի շրջանաձև երթևեկություն` մեկ մակարդակով, ի տարբերություն Թբիլիսյանի, որտեղ երկմակարդակ է։ Կարծում եմ` ճանապարհն էականորեն կթեթևացնի և հնարավորություն կտա մեր քաղաքացիներին շրջանցել Երևանի մուտքը», - նշում է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը: 

Երևանում փողոցների ու ճանապարհների լայնացումն այսօր գրեթե անհնար է։ Շրջանցիկ ճանապարհների կառուցումը խնդրի հիմնական լուծումն է։ 
Ուլնեցի –Ռուբինյանց ճանապարհն այսօր ավարտվում է կամրջային հատվածով։ Այստեղ նախատեսվում է նոր ճանապարհի կառուցում դեպի Աճառյան փողոց: Ճանապարհահատվածը կունենա 3.6 կմ երկարություն։

«Այստեղ առաջարկում ենք «Ալմաստ» գործարանի մոտից կամրջային հատվածով նախկին երկաթգծի ճանապարհով շարունակել: Այդ ճանապարհը հնարավորություն կտա շարունակել առանց Աճառյան մուտք գործելու», - նշում է Հարությունյանը: 

Երևանի քաղաքապետարանի առաջարկներն այս պահին ներդրումային կոմիտեում են։ ՀՈԱԿ-ի տնօրենը հուսով է մինչև տարեվերջ ունենալ նախագծային որոշակի լուծումներ, որից հետո արդեն համայնքը ձեռնամուխ կլինի քաղաքի հյուսիսային մուտքը բեռնափաթող ճանապարհների կառուցման գործնական փուլին։