Բարերար Տիգրան Իզմիրլյանի որդին և ՀՀ ԱՍՀ նախարարն այցելել են Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն

Բարերար Տիգրան Իզմիրլյանի որդին և ՀՀ ԱՍՀ նախարարն այցելել են Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն

Անվանի բարերար Տիգրան Իզմիրլյանի որդին՝ Սարգիս Իզմիրլյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ, այսօր այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն՝ ծանոթանալու խնամքի կենտրոնում իրականացված վերանորոգման աշխատանքներին և տրամադրվող ծառայություններին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ 

Նախարար Նարեկ Մկրտչյանի, նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի, «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանի, «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանի ուղեկցությամբ՝ հյուրերը շրջել են հաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթությունները, մասնավորապես՝ շեշտելով խնամքի հաստատության սաներին տրամադրվող ծառայությունների շարունակական բարելավման կարևորությունը։ Այս համատեքստում քննարկվել են «Իզմիրլյան» հիմնադրամի հետ հետագա համագործակցության ուղղությունները՝ ընդգծելով երեխաների լավագույն շահի ապահովման ուղղությամբ համատեղ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։  

Արա Բաբլոյանը ներկայացրել է բուժհաստատության նախաձեռնությամբ իրականացվելիք պիլոտային ծրագրի մանրամասները, որի շրջանակում բժշկական կենտրոնի բժիշկներն (ֆիզիոթերապեվտ, հոգեբան, բժիշկ-վերականգնողաբան) անհրաժեշտ մասնագիտական ծառայություններ կտրամադրեն և համապատասխան աշխատանքներ կտանեն մանկատան շուրջ 30 երեխայի հետ՝ նպաստելով վերջիններիս լիարժեք սոցիալականացմանը։   

Նշենք, որ «Իզմիրլյան» հիմնադրամի և «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի միջոցով վերանորոգվել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 5 մասնագիտական սենյակ բարեկարգվել ու կահավորվել է նաև ֆիզիոթերապիայի համար նախատեսված տարածքը։