Երևանում ծառերի փոխարինման ծրագրով հատված 300-ի փոխարեն 350 ծառ է տնկվել

Երևանում ծառերի փոխարինման ծրագրով հատված 300-ի փոխարեն 350 ծառ է տնկվել

Երևանում այս տարի գարնանը նախատեսված էր փոխարինել շուրջ 400 ծառ: Աշխատանքների ընթացքում հատվեց 300 մանրատերև թեղի: Փոխարենը տնկվեցին 350 նոր ու ֆունկցիոնալ ծառեր՝ լրացնելով նաև նախկինում հատված կամ ընկած ծառերից հետո ազատ մնացած բնաբաժակները: 

Ըստ Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության, փոխարինված ծառերն ունեին տարբեր հիվանդություններ,  ձևախեղված էին ու այլևս  կենսունակ չէին: Ամեն տարի տասնյակ ահազանգեր են ստացվում քամու հետևանքով ծառերի տապալման մասին: Կենսաբանության ոլորտի մասնագետները նշում են՝ սա խոսում է հենց ծառերի ոչ առողջ լինելու մասին: 

Կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինումն ուղղված է նաև առողջացնելու քաղաքի կանաչ ֆոնդը: Իսկ նոր տնկվող ծառերը, մասնագետների խոսքով, պետք է ոչ միայն համապատասխանեն քաղաքի կլիմային, այլև ճարտարապետությանը: 
Ծառերի փոխարինմամբ տնկվել են ձիակասկեր, սոսիներ, որոնք, ի դեպ, քաղաքային պայմաններում կարող են մինչև 2500 տարի ապրել։

Երևանում փոխարինման ենթակա ծառերը շարունակաբար գույքագրվում են, հստակ թիվ առայժմ չկա, սակայն կենսունակությունը կորցրած բոլոր ծառերը տարիների  ընթացքում պետք է փոխարինվեն:  

Ծառերի փոխարինումից հետո հատված փայտանյութը տեղափոխվում է Երևանի ջերմոցատնկարանային վարչություն, որտեղից էլ բաժանվելու է սոցիալապես անապահով ընտանիքներին: