ԱՄՆ ՄԶԳ-ն կհատկացնի 8,6 մլն դոլար ՀՀ-ի էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու համար

ԱՄՆ ՄԶԳ-ն կհատկացնի 8,6 մլն դոլար ՀՀ-ի էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու համար

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը կենտրոնացած է Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ամրապնդման, պարենային անվտանգության կայունացման վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի ադմինիստրատորի օգնական Էրին ՄըքՔին։

«8,6 միլիոն դոլար արժողությամբ մեր նոր ծրագիրը կբարելավի Հայաստանի վերականգնվող էներգիայի հասանելիության և ինտեգրման հնարավորությունները: Բացի այդ, չնախատեսված հանգամանքների դեպքում պլանավորումը թույլ կտա Հայաստանին համակարգված արձագանքել մատակարարումների խափանումներին՝ միաժամանակ բարձրացնելով էներգաարդյունավետությունը: 

Այս ֆինանսավորումը նաև կամրապնդի Հայաստանի ՝ կիբերանվտանգության ոլորտում երկրի էներգետիկ ենթակառուցվածքների կրիտիկական խոցելիություններն ավելի լավ հաղթահարելու ունակությունը», - սաց ՄըքՔին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ ՄԶԳ-ն նաև կօգնի կայունացնել Հայաստանի պարենային անվտանգությունը՝ աջակցելով հացահատիկի արտադրության և պահպանման ծավալների մեծացմանն ուղղված հայ ֆերմերների ջանքերին: 

«Առաջիկա 6 միլիոն դոլար արժողությամբ պարենային անվտանգության ծրագիրը կբարձրացնի հիմնական մշակաբույսերի արտադրողականությունը՝ հաշվի առնելով կլիմայական պայմանները: Դա արվելու է Հայաստանի պարենային համակարգի արդիականացման միջոցով, և մենք կարող ենք ավելացնել ներքին արտադրությունը և նվազեցնել կախվածությունը ներմուծումից», - նշեց ՄըքՔին։

Նա նաև ավելացրեց, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել անհրաժեշտ բարեփոխումներին և կառավարության կարողությունների ամրապնդմանը:

«Թվային ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված աշխատանքը կարդիականացնի և կընդլայնի Հայաստանի մոտեցումը պետական կառավարման, առևտրի դիվերսիֆիկացման և տնտեսական ինտեգրման նկատմամբ: Բայց ամենակարևորը՝ մենք կենտրոնացած ենք Հայաստանի ժողովրդի մարդկային արժանապատվությունը որպես գլխավոր առաջնահերթություն պահպանելու վրա», - եզրափակեց ՄըքՔին։