Ջանքեր են գործադրվում Հայաստանի հետ առևտուրը տարեկան մեկ միլիարդ դոլարի հասցնելու ուղղությամբ

Ջանքեր են գործադրվում  Հայաստանի հետ  առևտուրը տարեկան մեկ միլիարդ դոլարի հասցնելու ուղղությամբ

Բիզնես ատաշե»-ի հյուրն է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրին

-Մեծարգո պարոն դեսպան, Հայաստանը միշտ բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և կարևորել տնտեսական փոխգործակցության   խորացումը: Ինչպե՞ս եք գնահատում համագործակցության ներկա մակարդակը:

-Առևտրի ոլորտում երկու կողմերը նպատակադրված են ջանքերն ուղղել առևտուրը տարեկան մեկ միլիարդ դոլարի հասցնելուն: 2021թ.-ի երկկողմ ապրանքաշրջանառության զգալի աճով և այն ավելի քան կես միլիարդ դոլարի հասցնելով՝ մենք երկկողմ առևտրի նոր ռեկորդ սահմանեցինք և կարծես թե ճիշտ ուղու վրա ենք գտնվում։ Այս առումով շատ կարևոր է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև արտոնյալ առևտրի համաձայնագրի կնքումը, որն իրագործվում է 2018թ.-ից։ Երկու կողմերն ավելի քան երբևէ, մեծ ուշադրություն են դարձնում մեր երկրների միջև տրանսպորտային ուղիներին, և մենք մոտենում ենք կարևոր տրանսպորտային նախագծերի իրականացմանը։ Էներգիայի փոխանակման ոլորտում, երկու երկրների միջև այդ ծավալները մեծացնելու նպատակով ձգտում ենք ավարտին հասցնել առկա նախագծերը և երկարաձգել պայմանագրերը։

-Բարձր մակարդակի պաշտոնական հանդիպումներում  մշտապես  առաջնային է համարվել ոչ միայն երկկողմ ապրանքաշրջանառության ծավալի մեծացումն, այլև՝ գործակցության խորացումը արդյունաբերության, զբոսաշրջության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Ո՞ր ոլորտներն եք ավելի իրատեսական համարում՝ փոխշահավետության տեսակետից:

-Վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ այս բոլոր նպատակներն իրատեսական են, սակայն պահանջում են ավելի մեծ ջանքերի գործադրում ու հետևողական աշխատանք: Երկկողմ առևտրի աճը, ենթակառուցվածքային նախագծերի վրա կենտրոնացումը, Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեջ իրանցիների բարձր տեսակարար կշիռը, ներդրումների և համատեղ տնտեսական համագործակցության նպատակով իրականացվող այցերի ավելացումը, վկայում են այս գնահատականի մասին:

-Հայաստանի տարածքով  նախատեսվող տրանսպորտային միջանցքի գործարկումը թույլ կտա Իրանին դիվերսիֆիկացնել դեպի Ռուսաստան ու Եվրոպա բեռնափոխադրման ուղիները։ Այս առումով ո՞րն է Ձեր տեսակետը և արդյո՞ք այս շրագիրը դեռևս օրակարգային է։

-Իրանի հստակ քաղաքականությունն է՝ ունենալ բազմազան տրանսպորտային ուղիներ, որոնք կերաշխավորեն տարածաշրջանի կայունությունը, ինչպես նաև՝ մեր տնտեսական անվտանգությունը: Վերջին ամիսների ընթացքում մենք բազմիցս կրկնել ենք, որ մեզ համար կարևոր է Հայաստանի տարածքով ապահով և անվտանգ տրանսպորտային ուղիներ ունենալը։ Հայաստանի տարածքով անցնող ցամաքային ճանապարհը մեզ համար կարևոր է եղել, կարևոր է  և ապագայում նույնպես կարևոր կլինի։

-Պատերազմից հետո խնդիր էր առաջացել նաև Իրան-Հայաստան բեռնափոխադրումների համար: Խնդրում եմ, ավելի հանգամանորեն խոսեք դրանց    տնտեսական և տեխնիկական կողմերի մասին:

-2021թ. իրադարձությունները հստակ ցույց տվեցին երկու երկրների միջև առևտրի համար անվտանգ և առանց խոչընդոտների ճանապարհ ունենալու կարևորությունը։ Հայաստանի կառավարության լուրջ ջանքերի և հետևողական աշխատանքների շնորհիվ այլընտրանքային երթուղի  կառուցվեց: Կարճաժամկետ ընթացքում իրանցի վարորդներից գանձվեցին պարտադրված գումարներ, ինչը հավանաբար ժամանակավոր ազդեցություն ունեցավ երկու երկրների միջև առևտրի վրա: Բայց մենք շատ արագ հաղթահարեցինք այս փուլը և ձեռնարկված ընթացիկ միջոցառումների շնորհիվ, հատկապես առաջիկա մի քանի տարիների հեռանկարում,  Հայաստանի տարածքում հյուսիս–հարավ մայրուղու Տրանշ-4-ի կառուցմամբ, ականատես կլինենք ավելի լավ վիճակի:

-Թեև զրույցի սկզբում փոքրիկ անդրադարձ եղավ ԵԱՏՄ-Իրան համագործակցության համաձայնագրին, բայց կխնդրեմ մանրամասնել, թե ինչ սպասում ունի  Իրանը համագործակցության այս  ձևաչափից։

-Մենք ականատես ենք լինում այս համաձայնագրի ամենակարևոր նպատակի իրագործմանը, այն է՝ միության անդամ պետությունների հետ առևտրի ծավալների մեծացումը և դյուրացումը: Կողմերը նաև ձգտում են խորացնել այս տնտեսական հարաբերությունները, որի առաջին քայլը կլինի ավելի լայն առևտրային համաձայնության հասնելը: Այս գործընթացը կօգնի և ավելի լայն հնարավորություններ կստեղծի համաձայնագրի բոլոր կողմերի համար, ինչպես նաև կնվազեցնի մարտահրավերները միջազգային հարթակներում:

-Հայկական և իրանական կողմերը ջանքեր են գործադրում երկկողմ տնտեսական համագործակցության մեջ նոր հաջողություններ արձանագրելու ուղղությամբ,  ինչպես օրինակ` Հայաստան մտնող իրանական գազի ծավալների մեծացում, հյուսիս- հարավ (Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան) էներգահամակարգերի միավորում, ՀՀ-ում հողմային էլեկտրակայանների կառուցում և այլն, այսօր  դրանցից ո՞րն է իրատեսական։

-Համաշխարհային էներգետիկ շուկան այժմ ցնցումների մեջ է: Իրանը կենտրոնացած է էներգառեսուրսների ոլորտում ավելի մեծ ներդրումներ կատարելու, արտադրության ծավալները մեծացնելու և էներգետիկ շուկայում իր հաճախորդների դիվերսիֆիկացման վրա: Այսպիսի  կարևորության նախագծերի վերաբերյալ կարծիք հայտնելու համար անհրաժեշտ է մանրակրկիտ դիտարկել և գնահատել շուկայական նոր իրողությունները:

Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը   ձգձգվում է, ծրագրի իրականացումը շեշտակիորեն կմեծացնի գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման և վաճառքի ծավալները:

-Էներգիայի փոխանակման ծավալները մեծացնելու շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար պարոն Հակոբ Վարդանյանը վերջերս եղել  է Թեհրանում և հաջող  բանակցություններ է ունեցել: Մենք հույս ունենք, որ կմոտենանք վերջնական արդյունքի: Դիտարկվում է նաև էլեկտրացանցերի ինտեգրման նախագիծը, որն աստիճանաբար կիրականացվի էլեկտրահաղորդման գծերի շինարարական աշխատանքների ավարտով։ Տարբեր կողմերի ներդրումն այս ծրագրում վկայում է հարցի իրատեսական լինելու մասին: Մենք ականատես ենք լինում վերականգնվող էներգիայի  ոլորտում Հայաստանի կողմից համապատասխան ներդրումների իրականացմանը, որը կարող է տարածաշրջանում էներգետիկ փոխանակումների ծավալների մեծացման աղբյուր հանդիսանալ:

-Մեղրու ազատ տնտեսական գոտու վերաբերյալ ինչպիսի՞ դիտարկումներ կան։  Այս պահին այն չի գործում, արդյոք բացի համաճարակից այլ պատճառներ կան։

-Կողմերը քննարկում են ազատ գոտիների ներուժի առավել օգտագործման հնարավորությունը՝  երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:  Որոշ հայ ներդրողներ  նախատեսում են ներկա գտնվել և գործունեություն ծավալել Իրանի Արաս ազատ գոտում, իսկ  որոշ իրանական ընկերություններ փոխադարձաբար հանդես են եկել  ՝  Մեղրի ազատ գոտում գործունեություն ծավալելու ուղղությամբ առաջարկներով։ Ենթակառուցվածքների ապահովման արագացումը, խոչընդոտների վերացումը, իրավական կարգավորումների դյուրացումը կնպաստեն երկկողմ համագործակցության զարգացմանը:

 -Հայաստանը և Իրանը զբոսաշրջության ուղղությամբ մեծ անելիքներ ունեն։ Այս առումով ՝ Ձեր գնահատականը։

-Մոտավորապես մի քանի  ամիս առաջ Հայաստանի պաշտոնյաների Թեհրան կատարած այցի շրջանակում զբոսաշրջության ոլորտում երկու երկրների համագործակցության մասին նոր փաստաթուղթ է ստորագրվել: Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարությունը Հայաստանը դիտարկում է զբոսաշրջության ոլորտում համագործակցության կարևոր երկրներից մեկը։ Հայաստանում օտարերկրյա զբոսաշրջիկների զգալի մասը կազմում են իրանցի զբոսաշրջիկները: Ուստի, պետք է ձգտենք զբոսաշրջության սահուն, երկկողմ և կայուն հոսքեր ապահովել, որն իր հերթին կնպաստի մարդկանց միջև փոխհարաբերությունների ընդլայնմանը, միմյանց մասին ճանաչողության ավելացմանը և տնտեսական հարաբերությունների խորացմանը:

 

- Ե՞րբ  է նախատեսվում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողով հերթական նիստը և ի՞նչ օրակարգով։

-Մենք պլանավորում ենք երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստն անցկացնել  2022թ.-ի մայիսին։ Որպես համագործակցության մասին նոր փաստաթուղթ ավելի քան 20 էջանոց նախագիծ է  առաջարկվել,  և մինչ հանձնաժողովի նիստի անցկացումը  նախատեսվում է կազմակերպել փորձագիտական ​​հանդիպումներ։ Առաջարկվող տեքստը ներառում է երկու երկրների տնտեսական համագործակցության տարբեր ոլորտներ։ Առաջարկվել են նաև երկու երկրների միջև համագործակցության և համատեղ ներդրումների համար նախատեսվող նոր ոլորտներ։

 - Ինչպե՞ս կբնութագրեք իրանահայ համայնքը:

-Պատմության ընթացքում հայերն ապրել են ներկայիս Իրանի տարածքում, ինչպես նաև՝ հարակից տարածքներում, այդ թվում՝ ներկայիս Հայաստանի տարածքում: Չնայած պատմության բոլոր վայրիվերումներին, իրանցիները և հայերը հարգալից հարաբերություններ են ունեցել և խաղաղ ապրել են միասին: Իրանահայությունը, որպես իրանական հասարակության մաս, եղել է մշակութային և կրոնական բազմազանության հիմնասյուներից մեկը և իհարկե, արտաքին աշխարհի հետ Իրանի կապի ուղիներից մեկը։ Այս համեմատաբար փոքր բնակչությունը զգալի ներդրում է ունեցել նաև Իրանի մշակույթի, գիտության, արվեստի, տնտեսության և նույնիսկ քաղաքականության մեջ: Այս փաստերն են հանգեցրել իրանահայերի  բարի համբավին՝ որպես  իրանական հասարակության մաս: