ՆԳՆ ներկայացուցիչները մասնակցել են «ԵՄ հետ վիզայի ազատականացման վրացական փորձի» աշխատաժողովին

ՆԳՆ ներկայացուցիչները մասնակցել են «ԵՄ հետ վիզայի ազատականացման վրացական փորձի» աշխատաժողովին

Ապրիլի 8-ից 10-ը Վրաստանում տեղի է ունեցել «Եվրոպական Միության հետ վիզայի ազատականացման գործընթացի վրացական փորձի դիտարկում» աշխատաժողովը, որին մասնակցել են նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, Արդարադատության և Արտաքին գործերի նախարարությունների ու հասարակական ոլորտի ներկայացուցիչներ։
 
Աշխատաժողովն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ (NED)։ 

Միջոցառման առաջին օրը մասնակիցներն այցելել են Վրաստանի Հանրապետության Արդարադատության նախարարություն: Աշխատանքային հանդիպում են ունեցել Հանրային ծառայությունների զարգացման գործակալության և Միգրացիայի հարցերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։ 

Քննարկվել են կենսաչափական փաստաթղթերի անվտանգությանը, անձնական տվյալների պաշտպանությանը, միգրացիայի և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններին վերաբերող հարցեր։ 

Մասնակիցները Արդարադատության նախարարության Հանրային ծառայությունների պալատում ծանոթացել են կենսաչափական փաստաթղթերի թողարկման գործընթացին, ծառայությունների մատուցման միասնական համակարգին փաստաթղթերի շրջանառությանը տրամադրման գործընթացներին: 

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են նաև ԵՄ հետ Վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի մեկնարկին եւ ընդհանուր պլանավորմանը, գործընթացի աշխատանքային հիմնական հարցերին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, քննարկվել են օրինական և աշխատանքային միգրացիայի վրա վիզաների ազատականացման ազդեցությունը, օրենսդրական կարգավորումներն ու փոփոխությունները։ 

Աշխատաժողովի վերջին օրը մասնակիցները հանդիպել են Վրաստանի ՆԳՆ միգրացիոն վարչության աշխատակիցների հետ: Քննարկվել են սահմանների համալիր կառավարման, միգրացիոն հոսքերի կառավարման, ապաստանի և ռեադմիսիայի, անօրինական միգրացիայի կազմակերպման և թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքերը։