ՄԻՊ աշխատակազմում քննարկում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ

ՄԻՊ աշխատակազմում քննարկում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ապրիլի 10-ին հյուրընկալել է Հյուսիսային Մակեդոնիայի պետական համակարգի աշխատակիցներին` ՍՕՍ Մանկական Գյուղեր Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի ղեկավարության ուղեկցությամբ։

Այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի Հանրապետությունում երեխաների և երիտասարդների իրավունքներին առնչվող հարցերին, այս ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններին և լիազորությունների շրջանակին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը,  ողջունելով հյուրերին, նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այս տեսանկյունից շատ կարևոր է ոլորտի շահագրգիռ կառույցների և կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը՝ խնդիրները վեր հանելու, արդյունավետ լուծման ուղիներ գտնելու տեսանկյունից։ Այդ առումով Անահիտ Մանասյանն ընդգծել է Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների հարցերով հասարակական խորհրդի գործունեության կարևորությունը։ 

Հանդիպման ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ներկայացրել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, անդրադարձել կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների և երիտասարդների աջակցության ծրագրերին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանությանը, պատասխանել պատվիրակության անդամների հարցերին։