Բրյուսելում վերահաստատեցի Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի հանձնառությունը․ Սամանթա Փաուեր

Բրյուսելում վերահաստատեցի Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի հանձնառությունը․ Սամանթա Փաուեր

Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի հանձնառությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Անցյալ շաբաթ Բրյուսելում վերահաստատեցի Միացյալ Նահանգների հանձնառությունը ՝ աջակցելու Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը, տնտեսության ընդլայնմանը և պայծառ ապագա կառուցելու ձգտումներին»,- ասվում է գրառման մեջ։

Սամանթա Փաուերը նաև գրառմանը կից տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է, որ 2022 թվականից սկսած՝ ԱՄՆ ՄԶԳ-ն կրկնապատկել է ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ։ 

«Դա ներառել է կանանց և երիտասարդների վերապատրաստում՝ նոր տնտեսության պայմաններում նրանց ավելի մրցակցային դարձնելու նպատակով։ Դա ներառել է աշխատանք Հայաստանի կառավարության հետ ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով նոր կարգավորումներ ընդունելու, արտահանումն ու ներմուծումն ավելացնելու համար։  Այս ամենը տվել են իրենց արդյունքները, և մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև առևտրի աճը, որն անցած տարի փաստացի կազմել է 17 տոկոս։ Ես հնարավորություն ունեցա վարչապետ Փաշինյանին հայտնելու, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը պատրաստվում է 33 միլիոն դոլարի հավելյալ ներդրում անել այս կարևոր առաջընթացը զարգացնելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ԱՄՆ-ի ժողովուրդը, մենք բոլորս վճռական ենք Հայաստանին օգնելու հարցում՝ ցույց տալու, որ ժողովրդավարությունը իսկապես արդյունք է տալիս», - ասել է Փաուերը։