Վրաստանն անվերապահորեն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը. Լաշա Դարսալիա

Նա ընդգծեց, որ իրենք նաև պատրաստ են ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում։
Դարսալիան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնության հասնելու գործընթացը կպահպանի դրական դինամիկան:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները նոր փուլ են մտել «Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագրի ստորագրումից հետո։ Դարսալիան վստահ է՝ Երևանի և Թբիլիսիի հարաբերություններին բացառիկ բնույթ են հաղորդում ոչ միայն համատեղ պատմությունն ու աշխարհագրական դիրքը։
«Մեր երկրները միշտ հավատարիմ են եղել փոխադարձ վստահության, բացության և առաջին հերթին` մեր ժողովուրդների բարեկամության սկզբունքներին»,- ասաց Դարսալիան։
Վրաստանի ԱԳ փոխնախարարը շեշտեց, որ իրենք նաև շատ են կարևորում Հայաստանի կառավարության ջանքերը ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության ակտիվացման ուղղությամբ։
Աղբյուրը` arm.sputniknews.ru