Գևմիկ և Արփիմեդ ՍՊԸ-ները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից

Գևմիկ և Արփիմեդ ՍՊԸ-ները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից

Կառավարության որոշմամբ «Գևմիկ» և «Արփիմեդ» ՍՊԸ-ները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Գևմիկ» ընկերությունը ներմուծվող ապրանքներով Գեղարքունիքի մարզում նախատեսում է կառուցել գերժամանակակից ջերմոցային համալիր՝ վարդերի աճեցման համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1.56 մլրդ դրամի ներդրում ջերմոցների և վարդի տնկիների ձեռքբերման համար, ինչպես նաև 661 մլն դրամի ներդրում հողային կոմունիկացիոն և մոնտաժային աշխատանքների իրականացման համար։ Նախորդ ներդրումային ծրագրի շրջանակներում կառուցված ջերմատան համար ստեղծվել է 70 նոր աշխատատեղ՝ 150 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Նախատեսվում է ստեղծել ևս 70 նոր աշխատատեղ՝ 150 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.56 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 78 մլն դրամ:

«Արփիմեդ» ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կառուցել նոր արտադրական տարածքներ, իսկ ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել դեղերի արտադրության համար։ Արդեն իսկ իրականացվել է 2.8 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ դրամի ներդրում նոր սարքավորումների, հումքի ձեռքբերման և շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներկայումս առկա է 173 աշխատատեղ, նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2026 թ. աշխատատեղերի թիվը հասցնել 225-ի՝ 230-260 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.59 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 80 մլն դրամ։