Կներդրվի Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգը

Կներդրվի Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգը

Հավանության է արժանացել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Օրինագծերի ընդունման նպատակը պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրումը և պետական մարմինների միջև պետական տուրքի գծով տեղեկատվության փոխանակման և հաշվառման էլեկտրոնային գործընթացի կատարելագործումն է։ Հաշվի առնելով պետական տուրքի մասով տեղեկատվության փոխանակման և հաշվառման ներկայիս իրավիճակը և առկա խնդիրները՝ նախագծերով առաջարկվում է ներդնել «Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ» (ՊՏՀԻՀ), որն ապահովելու է պետական տուրքի տեղեկատվության մեկ միասնական գրանցամատյան, որում տեղեկատվության հավաքագրումն իրականացվելու է առանձին լիազոր մարմինների իրավասու աշխատակիցների կողմից տեղեկատվության մուտքագրման միջոցով, որն ինքնաշխատ ներբեռնվելու է հարկային մարմնի տեղեկատվական բազա:

Պետական տուրքի հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունքում կապահովվի գրեթե առանց ձեռքի միջամտության պետական տուրքի պարտավորությունների ճշգրիտ հաշվառում՝ հիմք ընդունելով լիազոր մարմինների կողմից օնլայն ռեժիմով պարբերաբար ներկայացվող նոր կամ ճշգրտված տեղեկատվությունը: