Գեղարքունիքում իրականացվում են բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրազեկման աշխատանքներ

Գեղարքունիքում իրականացվում են բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրազեկման աշխատանքներ
Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ մարզի համայնքներում իրականացվում են բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրազեկման աշխատանքներ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԱՍԱ վարչության սոցիալական ոլորտի և ՏԻՄ վարչության պատասխանատու աշխատակիցները հանդիպումներ են կազմակերպում Գեղարքունիքի մարզի համայնքներում, որոնց ընթացքում բնակչության հետ քննարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ խնդիրներից՝ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցությանը, բնակության պայմանների բարելավմանը, ծնելիության խթանմանը և ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը վերաբերող պետական աջակցության ծրագրերը, իրականացնում իրազեկման լայնածավալ աշխատանքներ։
Աշխատանքային խմբի առաջին հանդիպումը կայացավ ապրիլի 12-ին՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։
Հանդիպմանը ներկա էին նաև Վարդենիսի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, վարչական ղեկավարներ, Վարդենիսի միասնական սոցիալական ծառայության, բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպումը կայացավ Վարդենիսի և նրա կազմում ընդգրկված բնակավայրերի բնակիչների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վարդենիսում վերաբնակություն հաստատած անձանց մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում նշվեց, որ բնակարանային ապահովման և բնակության պայմանների բարելավման ուղղությամբ գործում են աջակցության մի շարք ծրագրեր, որոնց հանրագումարում յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ մինչև 60 մլն դրամ անհատույց պետական աջակցություն։
Այնուհետև բանախոսները հանգամանալից ներկայացրին նշված ծրագրի ամբողջական նկարագիրը և բովանդակությունը, պատասխանեցին ներկաներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերի։
Այսպիսով՝
-Եթե ընտանիքը ցանկանում է բնակարան կառուցել սահմանամերձ որևէ բնակավայրում, ապա դիմում է բանկ կամ վարկային կազմակերպություն՝ տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստանալու համար։ Անհրաժեշտ պայմաններին բավարարելու պարագայում պետությունը հաստատում է ընտանիքին, տուն կառուցելու նպատակով, մինչև 16 միլիոն դրամ և տոկոսագումարը մարելու համար մինչև12,7 միլիոն դրամ աջակցություն տրամադրելու հայտը։
-Այսպիսով, անհատույց աջակցությունը կարող է կազմել մինչև 28,7 միլիոն դրամ։
-Եթե ընտանիքը որոշել է վերակառուցել իրենց տունը, ընդ որում տունը կարող է լինել թե նորակառույց և թե ոչ, վերանորոգման հարցում ևս պետությունը կօժանդակի էներգաարդյունավետ վերանորոգման աջակցության ծրագրով։ Այս դեպքում պետությունը կաջակցի վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման եղանակով։ Աջակցության չափը կարող է հասնել մինչև 5,7 միլիոն դրամի։ Հավելենք նաև, որ այս ծրագիրը գործում է ոչ միայն սահմանամերձ բնակավայրերում այլ Հայաստանի ամբողջ տարածքում։
-Նախորդ ծրագրի հետ համադրած՝ պետության աջակցության ծրագրի չափը կարող է կազմել մինչև 34,4 միլիոն դրամ։
-Իսկ եթե ընտանիքին անհրաժեշտ է ավելի շատ գումար և ստիպված է 16 միլիոն դրամից ավելի շատ հիփոթեքային վարկ վերցնել, պետությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրով կաջակցի նաև այդ ավել մասը մարելու հարցում։
Մասնավորապես, եթե ընտանիքում կա 2 անչափահաս երեխա, ապա պետությունը, որպես աջակցություն, կտրամադրի մինչև 1,5 միլիոն դրամ՝ հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար։
-Եթե ընտանիքը ծրագրին դիմելու պահին ունի 3 երեխա, ապա պետությունը մայր գումարի մարման համար կհատկացնի մինչև 2 միլիոն 250 հազար դրամ։
-Եթե ընտանիքը ծրագրին դիմելու պահին ունի 4 և ավելի երեխա, ապա 3 միլիոն դրամ՝ մայր գումարի մարման համար։
-Այն իրավիճակում, երբ ընտանիքը պատրաստվում է ունենալ նոր երեխաներ, ապա բացի նշված ծրագրերից, պետությունը նրանց կտրամադրի հավելյալ աջակցություն՝ նոր երեխայի ծնվելու դեպքում։
-Առաջին և երկրորդ երեխաների ծնվելու դեպքում պետությունը յուրաքանչյուր անգամ կհատկացնի մինչև 750 հազարական դրամ՝ հիփոթեքային գումարի մարման համար։
-Թվով 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդի դեպքում, յուրաքանչյուր անգամ պետությունը կհատկացնի մինչև 3 միլիոն դրամ՝ հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար։
-Կարևոր է իմանալ, որ ընտանիքը պայմանների բարելավման դեպքում կարող է միաժամանակ օգտվել վերոնշյալ աջակցության բոլոր ծրագրերից։
-Նախորդ ծրագրերի հետ համադրած՝ պետության աջակցության չափը կարող է կազմել մինչև 43, 4 միլիոն դրամ։
-Բնակարանային ապահովման ծրագրից զատ, պետությունը ընտանիքին առանձին աջակցություն կտրամադրի նաև երեխա ունենալու կապակցությամբ՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի տեսքով։
-Նպաստի չափը 1-ին և 2-րդ երեխայի դեպքում՝ 300 հազար դրամ է, 3-րդ և 4-րդ երեխայի համար՝ 1 միլիոն դրամ, իսկ 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում տրամադրում է մինչև 1,5 միլիոն դրամ։
-Բացի միանվագ նպաստը, երեխա ունենալու դեպքում պետությունը ծնողին տրամադրում է նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ, որը արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար կազմում է ամսական 69 հազար դրամ ։
-Եթե օրինակ ծնվեն ընտանիքի 1-ին և 2-րդ երեխաները, ապա ընտանիքը պետությունից կարող է ստանալ մինչև 3 միլիոն դրամ խնամքի աջակցություն, իսկ եթե օրինակ ծնվեն 3-րդ և 4-րդ երեխաները, ապա բացի 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը, պետությունը նրանցից յուրաքանչյուրի հաշվով տրամադրելու է ամսական 50 հազար դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարին լրանալը։
-Այսպիսով, սահմանամերձ բնակավայրում տուն կառուցող, վերանորոգող ու երեխա ունեցող ընտանիքի հասանելի պետական աջակցությունը կարող է հասնել մինչև 56 միլիոն դրամի։
-Այն դեպքում, երբ ընտանիքի հայրը պայմանագրային զինծառայող է և սահմանամերձ բնակավայրում տուն կառուցելու համար հավելյալ հիփոթեքային վարկ է վերցրել, ապա պետությունը «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրի շրջանակներում կտրամադրի ևս 2,5 միլիոն դրամ՝ որպես կանխավճար ու 5 տոկոսային կետով կսուբսիդավորի վարկի տոկոսադրույքը։
-Այս ամենի հետ համատեղ, եթե ընտանիքի ամուսինները գրանցված աշխատողներ լինեն, ապա կարող են օգտվել նաև հիփոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման աջակցությունից, ինչպես նաև կոմունալ վճարների մասնակի փոխհատուցման և անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցման արտոնություններից։
-Համադրելով նշված աջակցության ծրագրերը՝ պետական աջակցության ընդհանուր չափը մեկ ընտանիքին 5-6 տարվա ընթացքում, կարող է կազմել 60 միլիոն դրամ՝ առանց վերադարձնելու պայմանի։
Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի։