Համայնքապետ Դավիթ Համբարձումյանը հյուրընկալեց Հայաստանում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին

Համայնքապետ Դավիթ Համբարձումյանը հյուրընկալեց Հայաստանում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին
 Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը հյուրընկալեց Հայաստանում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին (նստավայրը` Մոսկվա), պատվիրակության և Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչներին, ովքեր նախապես այցելել էին Մասիսի թիվ 4 մանկապարտեզ (որտեղ տեղակայված են Արցախից տեղահանված մեր հայրենակիցներ), ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ-ի և ՄԱԶԾ աջակցությամբ վերանորոգված և կահավորված բնակարանատիպ կացարանում, որը նույնպես տրամադրվել է արցախցի մեր հայրենակիցներին։
Ողջունելով հյուրերին` համայնքապետը շնորհակալություն հայտնեց դեսպանին իր այցի, տեղահանված ընտանիքներին ուղղված մարդասիրական աջակցության և սրտացավ վերաբերմունքի համար, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, հանձինս ՄԱԿ ՓԳՀ-ի և ՄԱԶԾ-ի և անդրադարձավ արցախահայությանը վերաբերող մի շարք հարցերի։ Դ. Համբարձումյանը նշեց, որ մեր հայրենակիցները եղել և շարունակում են մնալ համայնքապետարանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում և ամեն ինչ արվում է, որպեսզի արցախցիներն իրենց միայնակ ու անտեսված չզգան, մասնակցեն համայնքային կյանքին և ներառվեն կենսաապահովումը խթանող ծրագրերին և մշակութային ու հանրային միջոցառումներին:
Դեսպան Ջոն Գիրինգը ողջունելի համարեց համայնքապետի նման մոտեցումը և նշեց, որ արցախցիների հետ զրույցում նրանք նույնպես կարևորել են համայնքապետի և համայնքապետարանի աշխատակազմի կողմից ցուցաբերված ուշադրությունն ու հոգածությունը:
Համայնքապետը պատասխանեց հյուրերին հետաքրքող հարցերին և խոսեց նաև համայնքում նախատեսվող որոշ ծրագրերի մասին:
Հանդիպումն անցավ ջերմ ու բարեկամական մթնոլորտում, իսկ վերջում համայնքապետը հյուրերի հետ այցելեց Մասյացոտնի թեմի առաջնորդարան, որտեղ հանդիպեցին ու զրուցեցին թեմակալ առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ: