Ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության» համաձայնագիր

Ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության» համաձայնագիր
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության» համաձայնագրերը:
Նշված համաձայնագրերից առաջինի կնքումը կնպաստի ոչ միայն զբոսաշրջության խթանմանը, երկու պետությունների միջև տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական, մշակութային և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը, այլև Ղազախստանի տարածքում գտնվելու, այդ թվում նաև` աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով ՀՀ քաղաքացիների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը:
ԱԳ նախարարների կողմից ստորագրված երկրորդ համաձայնագիրը միտված է միգրացիայի ոլորտում, այդ թվում՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերում երկկողմ ամուր իրավական հիմքերի ձևավորմանն ու գործընկերային հարաբերությունների խորացմանը:
Համաձայնագրերի ստորագրումը տեղի է ունեցել Ղազախսատանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում: