Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես Սիսիանում

Ապրիլի 13-ին կայացավ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։
Ըստ ՀՀ ԿԲ հաղորդագրության` բացման արարողությանը հանդես եկան Սիսիանի մշակութային կենտրոնի ժողովրդական գործիքների համույթի մենակատարները՝ Սիսիանի Էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի և Աղվան Մինասյանի անվան ստեղծագործական կենտրոնի սաների հետ միասին։
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը և Սիսիան խոշորացված համայնքի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը։
Այցելուները ծանոթացան պատմական և ժամանակակից մետաղադրամներին, հուշադրամներին, Կենտրոնական բանկի գործառույթներին, այնուհետև ներկայացվեց դասընթաց փողի և անձնական ֆինանսերի ճիշտ կառավարման և դրա կարևորության մասին: Դասընթացից հետո տեղի ունեցավ Արփի Մաղաքյանի «Արտավազդ արքայի հեքիաթը» գրքի շնորհանդեսը երեխաների համար։
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես կազմակերպել է ՀՀ բոլոր մարզկենտրոններում, այժմ այն անցկացվում է մարզային մյուս խոշոր համայնքներում:
2023 թվականին դրամի պատմական ուղին ներկայացվել է Ապարանում, ներկայում՝ Սիսիանում. հաջորդ ցուցահանդեսի բացումն ակնկալվում է Նոյեմբերյան քաղաքում: