Ի՞նչ փուլում է ՏՏ-ի աջակցության նոր օրինագիծը․ պարզաբանում է նախարարը

Ի՞նչ փուլում է ՏՏ-ի աջակցության նոր օրինագիծը․ պարզաբանում է նախարարը

Պետական աջակցության «հովանոցը» նախատեսվում է բացել ավելի մեծ թվով ՏՏ ընկերությունների համար։ Այդ մասին այսօրվա ասուլիսի ընթացքում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ըստ գործող՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի, ոլորտի սկսնակ (մինչև 30 հոգանոց) ընկերությունները մինչև հինգ տարի ժամկետով ազատվում են  բոլոր հարկերից, բացի եկամտային հարկից։ Այս օրենքն օգնեց կայանալ բազմաթիվ ստարտափների (այդ թվում՝ Ռուսաստանից ժամանած մասնագետների կողմից բացված): Սակայն տարիներ շարունակ այդ աջակցությունը սահմանափակվում էր ծրագրավորման ոլորտով դրանից չէին օգտվում սարքաշինական, կենսատեխնոլոգիաների և «հայթեքի» մյուս ոլորտները։ Այժմ քննարկվում է տարածել աջակցության ծածկույթը նրանց վրա ևս, ասաց նախարարը։ Քննարկվում է նաև մինչև 30 հոգու շեմը հանելու առաջարկը։

Նա հավելեց, որ այս և մի շարք այլ առաջարկություններ  դեռևս քննարկման փուլում են, նոր օրենքի նախագիծը քննարկվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ։  Դրանք կտևեն ևս մի քանի ամիս, որպեսզի եկող տարվանից «հայթեքն» ունենա նոր օրենք։

Նշենք նաև, որ հարկերից ազատումը չի լուծում ստարտափների զարգացման բոլոր խնդիրները։ «Հայթեքի» համաշխարհային ներդրողները գերադասում են գործարքներ անել իրենց համար ծանոթ՝ ամերիկյան իրավական դաշտում։ Քիչ ծանոթ երկրներն ու կարգավորումները նրանց մոտ զգուշավորություն են առաջացնում:

Այդ պատճառով էլ վերջերս «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում ներառվել  է ստարտափների մեջ ներդրման ամերիկյան մոդել՝ SAFE պայմանագրեր։ Դրանք երաշխավորում են, որ ներդրողը կստանա իր գումարին համարժեք փայաբաժին կամ բաժնետոմս, երբ ստարտափը կզարգանա ու կգրանցվի որպես ընկերություն։ Այժմ քննարկվում են օրենսդրության ադապտացման այլ տարբերակներ՝ ներդրողների հավելյալ վստահությունը շահելու համար։

Նախկինում ԲՏԱ նախարարությունը նաև պլանավորում էր Հայաստանում բացել վենչուրային հիմնադրամ՝ կառավարության և օտարերկրյա որևէ խոշոր հիմնադրամի համատեղ մասնակցությամբ։ Ինչպես այսօր նշեց նախարարը, այս ծրագիրը չի կայացել, սակայն այժմ քննարկվում են ֆոնդերին ներգրավելու նոր տարբերակներ։