Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենը մասնակցել է OIV–ի 100–ամյակին նվիրված միջոցառմանը

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենը մասնակցել է OIV–ի 100–ամյակին նվիրված միջոցառմանը
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը Իտալիայի Բրեշիա քաղաքում մասնակցել է Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) 100–ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Միջոցառումը հյուրընկալել էր աշխարհի 20 երկրներից ժամանած նախարարների, դեսպանների և գինու ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների։
Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց երկրներում խաղողագործության և գինեգործության ոլորտի մարտահրավերներն ու նվաճումները։
Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպությունը (OIV) միջկառավարական կազմակերպություն է՝ համաշխարհային ոլորտին գիտական և տեխնիկական աջակցության առաքելությամբ։ OIV-ն այսօր ունի խաղող ու գինի արտադրող և սպառող 50 անդամ երկրներ։ Հայաստանը կազմակերպությանն անդամակցում է 2014 թվականից։