Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները՝ Հայաստանի արտահանման «չեմպիոններ»

Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները՝ Հայաստանի արտահանման «չեմպիոններ»

2023 թվականին Հայաստանի արտահանման կազմում թռիչքային աճի արդյունքում առաջատարի դիրքերում են հայտնվել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղներն և դրանցից պատրաստված իրերը։ Այս ապրանքախմբի ներքո պետք է հասկանալ հիմնականում ոսկին, ոսկյա զարդերն ու ադամանդը։ Միայն այս ապրանքախմբի արտահանումը Հայաստանից կազմել է 3.2 մլրդ դոլարը, որը նախորդ տարվա համեմատ ճիշտ 3.2 անգամ էլ աճել է։ Այդպիսով, այս ապրանքախումբը զբաղեցրել է Հայաստանի ամբողջ արտահանման 38%-ը։

Եվ այս աճը էապես մեծ ազդեցություն է թողել Հայաստանի արտահանման ընդհանուր աճի վրա։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է վարկածը, որ Հայաստանի արտահանման աճը մեծապես պայմանավորված է ոչ թե տեղական արտադրանքով, այլ՝ վերաարտահանմամբ։ Ինչպես արդեն գրել ենք, 2023 թվականին Հայաստանից արտահանվել է 8.4 մլրդ դոլարի ապրանք։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2022 թվականի համեմատ արտահանումն աճել է 55.3%-ով։

Արտահանման կազմում երկրորդ տեղում մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ ապրանքախումբն է, որի ծավալները կազմել են 1.3 մլրդ դոլար, իսկ աճը՝ 79.6%:  Ինչպես թանկարժեք քարերի ու մետաղների, այնպես էլ այս պարագայում խոսքը, մասնավորապես, վերաարտահանման մասին է։ Այստեղ խոսքը կենցաղային տեխնիկայի մասին է հիմնականում։

Քանի որ 2022 թվականի փետրվարից սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր մի շարք ապրանքների վերաարտահանման համար` Արևմտյան երկրների և ԱՄՆ  պատժամիջոցների պատճառով, այս ապրանքախմբերի ներմուծման ու արտահանման ցուցանիշները Հայաստանում կտրուկ բարձրացել են։

Հայաստանի արտահանման առաջին հնգյակում են նաև հանքահումքային արտադրանքը, պատրաստի սնունդը և տրանսպորտային միջոցները՝ ավտոմեքենաները։ Ի տարբերություն առաջին երկու ապրանքախմբերի՝ նշված երեք խմբերի արտահանման ծավալներն ավելի փոքր են։

 2023 թվականի Հայաստանի արտահանման TOP հնգյակը այսպիսի տեսք է ստացել։ Ինֆոգրաֆիկայում ներկայացված են ապրանքախմբերի ծավալները՝ մլն ԱՄՆ դոլարով։ «Այլ» շրջանակում հնգյակից դուրս գտնվող մնացած բոլոր ապրանքախմբերի հանրագումարն է։

Հայաստանից արտահանվում են տարատեսակ ապրանքներ՝ ինչպես հանքահումք, թանկարժեք քարեր ու մետաղներ, այնպես էլ՝ հագուստ, կոշիկ, սնունդ և այլն։ Բացի վերը նշված հնգյակը, մյուս ապրանքախմբերի մասով էական փոփոխություններ 2023 թվականին չեն գրանցվել։  

Հաջորդ աղյուսակում ներկայացված է Հայաստանի արտահանման ամբողջ ցանկը՝ ըստ խոշորացված ապրանքախմբերի։ Արտացոլված  են ինչպես 2022-2023թթ. տարեկան տվյալները, այնպես էլ՝ 2023-ի փոփոխությունը 2022-ի համեմատ։

Ինչպես երևում է, որոշ ապրանքների գծով, որոնք ոչ թե վերաարտահանվում են, այլ տեղական արտադրության են, անկում կա։ Օրինակ՝ բուսական ծագման արտադրանքի, կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի և այլն։ Մանրամասները՝ աղյուսակում։