Ո՛չ, ժամանակը Ռուսաստանի օգտին չի աշխատում. Բորելը կանխատեսում է Ռուսաստանի տնտեսության անկում պատերազմի եւ ԵՄ պատժամիջոցների պատճառով

Ո՛չ, ժամանակը Ռուսաստանի օգտին չի աշխատում. Բորելը կանխատեսում է Ռուսաստանի տնտեսության անկում պատերազմի եւ ԵՄ պատժամիջոցների պատճառով

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր «Ո՛չ, ժամանակը Ռուսաստանի օգտին չի աշխատում» վերտառությամբ հոդվածում գրում է, որ Եվրոպական միության պատժամիջոցներն արդեն զգալիորեն թուլացրել են Ռուսաստանի տնտեսությունը, եւ այդ երկրի ապագան օրեցօր ավելի մռայլ է դառնում, քանի որ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի դեմ իր ագրեսիվ պատերազմը։

Իր հոդվածում Բորելը հակափաստարկներ է բերում Ռուսաստանից հնչող կանոնավոր պնդումների դեմ, թե իրենց տնտեսությունն իրականում չի տուժում արեւմտյան պատժամիջոցներից, եւ որ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմում ժամանակն աշխատում է Ռուսաստանի օգտին։

Բորելն նշում է, որ ռուսական տնտեսության վերակողմնորոշումը դեպի ռազմական արտադրություն արդեն իսկ բացասաբար է ազդել Ռուսաստանի բազմաթիվ սովորական քաղաքացիների կյանքի վրա։ Որպես օրինակ նա բերում է անցյալ ձմռանը Ռուսաստանի մի քանի քաղաքներում կենտրոնացված ջեռուցման համակարգերի բազմաթիվ խափանումները: «Եթե պատերազմը շարունակվի, իրավիճակը միայն կվատթարանա», – ասում է Բորելը:

Բորելը նաեւ օրինակներ է բերում, թե ինչպես են ԵՄ պատժամիջոցներն արդեն իսկ հարվածում Ռուսաստանի դրամապանակին: Նա ասում է, որ hանածո վառելիքի արտահանումից ռուսական տնտեսության եկամուտը 2022 թվականի գարնանից կրկնակի կրճատվել է՝ շնորհիվ ածուխի եւ նավթի եվրոպական էմբարգոյի եւ նավթի արտահանման հանդեպ G7-ի կողմից որոշված գնային շեմի։ 2022 թվականին Ռուսաստանի տնտեսությունում նկատվել է կտրուկ գնաճ, կայուն անկում է ապրում նաեւ ռուբլու փոխարժեքը։

Ըստ Բորելի, Ռուսաստանից արդեն տեղի է ունեցել կապիտալի զգալի արտահոսք, եւ նրա արդյունաբերական թուլությունն ավելի ցայտուն է դառնում. «Ռուսաստանում ավտոմեքենաների արտադրությունը կիսով չափ նվազել է՝ մինչպատերազմական ժամանակահատվածի համեմատ: Ժամանակին երկրի հպարտությունը համարվող տիեզերական արդյունաբերությունը լրջագույն դժվարություններ է ապրում։ Օդային տրանսպորտը բավականին վտանգավոր է դարձել տեխնիկական սպասարկման, ծրագրային ապահովման թարմացումների եւ պահեստամասերի բացակայության պատճառով»։

Բորելը եզրափակում է, որ Ռուսաստանը, չնայած Ուկրաինային երեք անգամ գերազանցող բնակչությանը, իրականում արդեն իսկ զգալիորեն թուլացել է ԵՄ պատժամիջոցներից։

«Ժամանակի ընթացքում դրանց ազդեցությունն ավելի ու ավելի զգալի է դառնալու, քանի որ մարդկային կապիտալը մաշվում է, ներդրումների ծավալն ու որակը նվազում են, եւ Ռուսաստանը զրկվում է իր ապագային աջակցելու համար անհրաժեշտ առաջադեմ տեխնոլոգիաներից»,- գրում է նա։

Աղբյուրը՝ euneighbourseast.eu