Տեղի է ունեցել Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներին նվիրված ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառումը

Տեղի է ունեցել  Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներին նվիրված ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառումը
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում գործունեություն իրականացնող պետական գերատեսչությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ այսօր տեղի է ունեցել «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և այլք։
Նախարար Մկրտչյանն իր ելույթում խոսել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետության կողմից մատուցվող ծառայությունների մասին՝ նշելով, որ նրանց իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումը շարունակում է լինել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքականության առանցքում։
Նախարարն անդրադարձել է նաև ապաինստիտուցիոնալացման գործընթացին և այդ համատեքստում կարևորել անկախ կյանքի կենտրոնների ու փոքր խմբային տների գործունեությունը, մասնավորապես՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սոցիալական ներառման գործընթացում։
«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի պատշաճ կազմակերպման, նրանց սոցիալական ներառման, կարողությունների և հմտությունների զարգացման ուղղությամբ աշխատանքը հետևողական է և անընդհատ։ Միաժամանակ, պետության կողմից աշխատանքներ են տարվում խնամքի ծառայությունների փոխակերպման և անկախ կյանքի ապահովման, ինչպես նաև համայնքային տների ծառայությունների ընդլայնման ու նոր համայնքային տների ստեղծման ուղղությամբ», - նշել է Նարեկ Մկրտչյանը։
Նախարարն ընդգծել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ուղղված իրավունքահեն մոտեցմամբ քաղաքականությունների մշակման, ինչպես նաև ըստ կարիքի՝ ծառայությունների տրամադրման կարևորությունը՝ շեշտելով նաև ոլորտում գործունեություն ծավալող տարբեր կառույցների միջև սերտ և արդյունավետ համագործակցության դերը։
Միջոցառումը շարունակվել է պանելային քննարկման ձևաչափով, որի շրջանակում անդրադարձ է կատարվել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի։