Ամփոփվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

Ամփոփվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Վարչապետի հանձնարարությամբ, Ծառայության ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա ՀՀ քաղաքաշինության կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում (այսուհետ՝ Նախարարություն)` Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ծանրամարտի մարզադահլիճի, «Ջանֆիդայի Է.Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, Արարատի մարզի «Դեղձուտ համայնքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, Լոռու մարզի «Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի և Սյունիքի մարզի «Վաղատին գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառուցման աշխատանքների, նախագծման, հեղինակային/տեխնիկական հսկողության, ինչպես նաև գույքով ապահովելու նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության ապահովման նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:
Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ և համակարգային խնդիրներ, որոնց հետևանքով Ծառայության գնահատմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս՝ այդ թվում.
  •  Նախարարության կողմից տեխնիկական բնութագրերը թերի են նկարագրվել, որոշ ապրանքների գներն ուռճացվել են, ինչպես նաև ապրանքների հանձնման-ընդունման գործընթացն իրականացնելիս Նախարարության աշխատակիցների կողմից որևէ համադրություն չի իրականացվել պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերի և փաստացի ստացված ապրանքների որակների միջև, որոնց արդյունքում պետական բյուջեի միջոցներից Ծառայության գնահատմամբ անարդյունավետ ծախս է իրականացվել ընդհանուր շուրջ 51,000,000 ՀՀ դրամ,
  •  ուսումնասիրությամբ պարզվել է, որ Նախարարության և Կոմիտեի միջև պատշաճ մակարդակի փոխգործակցություն չի իրականացվել, որի արդյունքում կառուցվող օբյեկտների համար անհրաժեշտ ուսումնամարզական գույքի ձեռք բերումն իրականացվել է դրանց շինարարության ավարտից զգալիորեն ավելի վաղ շրջանում, որի հետևանքով գույքը տեղափոխվել է պահպանման համար ոչ պիտանի տարածքներ, իսկ ապրանքները փաստացի օգտագործվել են երաշխիքային 1 տարի ժամկետի վերջին ամիսներին, կամ ավարտից հետո: Վերոնշյալ դպրոցների համար երկու գերատեսչությունների կողմից իրականացվել է շուրջ 742,000 ՀՀ դրամի սահմաններում միևնույն ապրանքների կրկնակի ձեռքբերում: Գերատեսչությունների միջև ոչ արդյունավետ փոխգործակցության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ կառուցվող 2 միջնակարգ դպրոցներից մեկի դեպքում նախատեսվել է 7, իսկ մյուսի դեպքում՝ 9 դասասենյակներ, այն պարագայում, երբ նմանատիպ պայմաններում հնարավոր չի լինի միաժամանակ լիարժեք իրականացնել 1-ից 12-րդ դասարանների կրթական ծրագրերը,
  •  Նախարարության պաշտոնատար անձանց կողմից վերոնշյալ օբյեկտների համար ձեռք բերված գույքի հանձնման-ընդունման արձանագրությունները/ եզրակացությունները փաստացի ստորագրվել են առանց մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրի համապատասխանության գնահատման,
  •  Կոմիտեի կողմից տվյալ 5 օբյեկտների գծով կնքված շինարարական աշխատանքների և նախագծային ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակներում՝ աշխատանքների կատարման և ծառայությունների ճշգրտության ուսումնասիրությամբ արձանագրվել են շուրջ 115,000,000 ՀՀ դրամի տարաբնույթ առերևույթ խախտումներ: Հարկ է նշել, որ շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տրված մի շարք թերություններ արդեն իսկ վերացվել են ուսումնասիրության ընթացքում, կամ ավարտից հետո:
  •  Ծառայության ուսումնասիրությամբ ոչ արդյունավետ է գնահատվել Կոմիտեի կողմից նշված 5 օբյեկտների շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքի նկատմամբ 4%-ի հաշվարկով որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայության ձեռքբերման շուրջ 41,000,000 ՀՀ դրամի ծախսը՝ այն պարագայում, երբ շինարարական աշխատանքներն իրականացվել են անորակ և բազմաթիվ ծավալային հավելագրումներով:
  •  փաստաթղթային ուսումնասիրությամբ, ինչպես նաև տվյալ 5 օբյեկտներում իրականացված չափագրման և տեղազննության արդյունքներով արձանագրված տարաբնույթ խախտումները հիմք են տալիս եզրակացնելու, որ Կոմիտեի կողմից հսկողական գործառույթներն իրականացվել են ոչ լիարժեք և թերի:
Հարկ է փաստել, որ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների պատճառ հանդիսացած հնարավոր համակարգային խնդիրները և ոլորտում առկա բացթողումները պարզելու և հետագայում դրանց կրկնությունը բացառելու, ինչպես նաև համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝ Ծառայության կողմից քննարկումներ են կազմակերպվել կառուցապատող կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հիշյալ քննարկումների շրջանակներում վեր են հանվել հիմնական խնդիրները և ենթադրյալ բացթողումները, որոնց արդյունքներով Ծառայության կողմից ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:
Նշենք, որ վերոգրյալ խախտումների վերացման, խնդիրների համակարգային լուծման նպատակով Ծառայության կողմից Վարչապետին են ներկայացվել ընթացակարգային և կառավարչական բնույթի մի շարք առաջարկություններ՝ հանձնարարել լիազոր մարմիններին խստացնելու վերահսկողությունը տվյալ գործընթացների նկատմամբ, լավարկելու և կատարելագործելու ծրագրերի իրականացման հաշվետվողականության մեխանիզմները, ինչպես նաև մշակելու լիազոր մարմինների միջև արդյունավետ համագործակցության համապատասխան ձևաչափեր և ապահովելու վերջիններիս պատշաճ կիրառությունը: Միևնույն ժամանակ, առաջարկվել է հանձնարարել համապատասխան լիազոր մարմիններին իրականացնել քննարկումներ և միջոցներ ձեռնարկել կանխարգելելու համար նմանատիպ բացթողումների և խախտումների` ապագայում կրկնվելու հավանականությունը:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը: