Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության ներուժ կա. տնտեսագետ

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության ներուժ կա. տնտեսագետ

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի տնտեսական փոխգործակցությանը նոր որակ և բովանդակություն հաղորդելու վերաբերյալ քննարկումներն առանցքային էին նախորդ շաբաթ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ արաբական այդ երկիր կատարած այցի ընթացքում: Հանդիպումների ժամանակ ուրվագծվել է հնարավոր համագործակցության լայն շրջանակ՝ առևտուր, զբոսաշրջություն, կրթություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մշակութային արժեքների պահպանություն և այլն: Հայ-սաուդական տնտեսական կապերի զարգացման հեռանկարների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ամբիոնի ավագ դասախոս, տ. գ. թ. Սուսաննա Աղաջանյանի հետ:

- Ինչպե՞ս եք գնահատում հայ-սաուդական առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

- Սաուդյան Արաբիայի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 2023 թվականի նոյեմբերին: Երկու երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը բավականին փոքր է. 2022 թվականին Սաուդյան Արաբիա ենք արտահանել շուրջ 1.25 մլն դոլարի ապրանք, որից 39.3%-ը (շուրջ 493 հազար դոլարի)՝ ալյումինե տարբեր մետաղակոնստրուկցիաներ: Արտահանել ենք նաև 204 հազար դոլարի շոկոլադե արտադրատեսակներ, 164 հազար դոլարի սպիտակեղեն, 82 հազար դոլարի հերմետիկացման և փաթեթավորման նյութեր, ջուր և այլն:

2022 թվականի տվյալներով Սաուդյան Արաբիայից Հայաստան ներմուծումը մոտ 2.4 անգամ գերազանցել է արտահանման ցուցանիշները: Ներմուծման կառուցվածքում շուրջ 87% տեսակարար կշռով գերակշռում են տարբեր  պոլիմերները: Ներմուծում ենք նաև պահածոյացված բանջարեղեն, արմավ, արքայախնձոր և այլն: Հարկ է նշել նաև, որ 2023 թվականի առաջին կիսամյակում այդ երկրից ներմուծել ենք շուրջ 3.4 մլն դոլարի ապրանք՝ գերազանցելով 2022-ի տարեկան ցուցանիշը:

Ընդհանուր առմամբ, Սաուդյան Արաբիայի հետ առևտրի ներուժի զարգացմանը խոչընդոտում են տեխնիկական ստանդարտների և կանոնակարգերի, տեղայնացման պահանջների հետ կապված խնդիրները:

- Որքանո՞վ են Հայաստանը և Սաուդյան Արաբիան գրավիչ փոխադարձ ներդրումների համար և ո՞ր ոլորտները դրանք կարող են ներառել:

- Սաուդյան Արաբիան, նպատակադրվելով դառնալ համաշխարհային ներդրումային կենտրոն, մի քանի տարի առաջ ներկայացրել է Vision 2030 տեսլականը, որի առանցքը բաց և դիվերսիֆիկացված տնտեսությունն է: Ներկայում երկրում աշխատում են ոչ նավթային ոլորտներում ներդրումային հնարավորությունների գեներացման, զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ տրանսպորտի և լոգիստիկայի, վերականգնվող էներգետիկայի, արդյունաբերության, առողջապահության, թվային ենթակառուցվածքների և տուրիզմի ոլորտներում: Կարծում եմ՝ ներդրումների դյուրացման, ազատականացման այս գործընթացները կարող են երկուստեք հետաքրքրություններ ձևավորել:

- Ինչպիսի հեռանկարնե՞ր եք տեսնում տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ներդրման ոլորտներում հայ-սաուդական համագործակցության համար:

- Գիտելիքահենք տնտեսություն ունենալու նպատակ ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Սաուդյան Արաբիան: Այսօր Սաուդյան Արաբիան, աջակցելով հետազոտություններին և նորարարություններին, փորձում է ամրապնդել տվյալների վրա հիմնված տնտեսությունների խմբում համաշխարհային առաջատարի իր դիրքը: Այդ հավակնոտ նպատակի իրագործման համար երկիրը մինչև 2040 թվականը տարեկան ՀՆԱ-ի 2.5%-ը ուղղելու է գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը՝ աջակցելով ԳՀՓԿԱ-ին (գիտահետազոտական ու փորձնակոնստրուկտորական աշխատանքներին), զարգացնելով տեղական և օտարերկրյա գիտահետազոտական կենտրոնների ու ինստիտուտների միջև աշխատանքը, ներգրավելով օտարերկրյա ներդրումներ բարձր տեխնոլոգիական համալսարաններում և նորագույն լաբորատորիաներում՝ միաժամանակ աջակցելով նաև Vision 30 ծրագրի արդյունաբերական բաղադրիչին՝ արդյունաբերական կլաստերների ձևավորմանը: Նպատակն է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, ներդրումներ կատարել նորարարություններում, ձևավորել համագործակցություն տարբեր հետազոտական կենտրոնների միջև:

Երկրում աշխատանքներ են տարվում նաև արդյունաբերության, կրթության, առողջապահության ոլորտներում համապատասխան ենթակառուցվածք ձևավորելու ուղղությամբ, իրականացվում են մասնագետների ներգրավմանը, աջակցությանը և վերապատրաստմանը, տեղական և միջազգային ստարտափերի ու ներդրողների միջև ձեռներեցության խթանմանը միտված տարբեր ծրագրեր: Իհարկե, այս ոլորտում ևս առկա են փոխգործակցության զարգացման հնարավորություններ, բայց դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են հստակ գործողություններ:

- Ձեր կարծիքով Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հատկապես ո՞ր ոլորտներում կարող է առավել արդյունավետ տնտեսական համագործակցություն ծավալվել տեսանելի ապագայում:

- Կրթության, գիտության, մասնագետների վերապատրաստման, փորձի փոխանակման, բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, ինչու չէ՝ նաև տնտեսության այլ ոլորտներում երկուստեք փոխգործակցության ներուժ կա: Դա կարող է իրականացվել պետական և գործարար շրջանակների միջոցով: Սակայն փոխգործակցության զարգացման համար անհրաժեշտ են ջանքեր, քննարկումներ, գործարար հանդիպումներ, կոնկրետ ծրագրեր, նախագծեր: Բիզնեսը պետք է տեսնի ու բացահայտի այդ ներուժը, հնարավորությունը, ոլորտը ու, ըստ այդմ, ներդրումներ անելու պատրաստակամություն հայտնի:

Հրայր Նազարյան