Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններն այնպիսի փուլում են, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն ու այլ ձևաչափերը նույնիսկ հնացել են, հետևաբար փոխգործակցությունը բերվում է եվրաինտեգրացիային ավելի համապատասխանող մակարդակի։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության միջև առկա հարաբերություններին։

«Թե՛ Եվրամիության, թե՛ նրա կազմում գտնվող առանձին ազդեցիկ երկրների կողմից կայացվել է ռազմավարական որոշում, ըստ որի՝ Վրաստանն ու Հայաստանը պետք է դառնան միասնական Եվրոպայի մաս։ Ո՛չ թե բարեկամական, մերձակա տարածք, այլ հենց եվրոպական ընտանիքի մաս։ Այդ քաղաքականությունը բավական ակտիվ տարվում է ՀՀ ներկայիս կառավարության կողմից, թեև այդ ուղղությամբ աշխատանքներն, օրինակ, Վրաստանի հետ, ընդհանուր առմամբ մեկնարկել են 2006 թվականից, իսկ հիմա ավելի են ակտիվացել Հայաստանի հետ։ Հարաբերությունների հիմքում ասոցացման հայտնի համաձայնագիրն է»,- ասաց Հովհաննիսյանը։   

Խոսելով նշված հարաբերություններում հատկապես անվտանգային բաղադրիչի մասին՝ քաղաքագետն ընդգծեց՝ քանի որ Եվրամիությունում ավանդաբար ռազմական բաղադրիչը թույլ է եղել, ուստի այդ կառույցում տրանսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերությունները դիտարկվել են որպես անվտանգության գլխավոր և առաջնային գործոն։

«Նույնիսկ կար այնպիսի միտում, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ավելի հեշտությամբ էին ընդունվում ԵՄ-ի կազմ, քանզի այնտեղ համոզված էին, որ հիշյալ պետությունները փոքրիշատե պաշտպանված են։ Այսօր կա ևս մեկ միտում, որի համաձայն՝ հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից դրդված՝ ԵՄ-ն փորձում է անվտանգային բաղադրիչը խթանել՝ հաշվի առնելով ազդեցիկ անդամ երկրների, օրինակ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի ազգային հնարավորությունները։ Այդ առումով կա նաև ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի լիակատար համաձայնությունը։ Անվտանգության տեսակետից մեր պարագայում մեզ առնչվող զարգացումների ներկա փուլը համընկավ մեր եվրոպական ընթացքի հետ։ ԵՄ-ն իր հերթին ձգտում է նաև ռազմական ու անվտանգային բաղադրիչով դառնալ ինքնաբավ և ինքնուրույն միավոր։ Հայաստանի անվտանգության խնդիրները լուծվելու են՝ այդ նոր միտումը հաշվի առնելով»,- նշեց մեր զրուցակիցը։

Հայաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելության աշխատանքը բնութագրելիս՝ Հովհաննիսյանը շեշտեց, որ չկա մեկ այլ գործոն, որը 2020 թվականից հետո ունենար այնքան դրական ազդեցություն մեր երկրի անվտանգության վրա, որքան դիտորդների ծավալած գործունեությունը։

«Նույնիսկ Ադրբեջանն ավելի ու ավելի շատ է հաշվի նստում այդ գործոնի հետ։ Ինչ վերաբերում է Եվրոպայից սպառազինություն ստանալու ակնկալիքներին, ապա դրանք արդեն իսկ արձանագրված են թղթի վրա։ Եվրախորհրդարանի, Եվրահանձնաժողովի որոշումներում և հայտարարություններում ֆիքսված է, որ Հայաստանը կարող է օգտվել ԵՄ-ի խաղաղության գործիքներից, ինչպես Ուկրաինան։ Հնարավորություններն, ինչ խոսք, բաց են Հայաստանի առջև, բայց կան նաև սահմանափակումներ, որոնք պայմանավորված են այն իրողությամբ, որ մեր երկիրը ՀԱՊԿ-ի անդամ է։ Սահմանափակումների վերաբերյալ հնչել են բացահայտ ակնարկներ։ Նույնիսկ այդ պայմաններում ինչ-որ չափով օգտվում ենք ԵՄ-ի խաղաղության գործիքներից, բայց գնդակը Հայաստանի դաշտում է, և մենք պետք է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ վերջնականապես հստակեցնենք, ինչից հետո վերոհիշյալ գործիքակազմի հնարավորություններն արդեն լիարժեքորեն հասու կլինեն Հայաստանի համար»,- ասաց քաղաքագետը։

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ԵՄ հետզհետե սերտացող հարաբերություններն ուղղված չեն երրորդ երկրների, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։

«Բայց դա չի նշանակում, որ հայկական կողմը չպետք է Իրանի ղեկավարության հետ շարունակ խոսի այդ մասին։ Կոմունիկացիոն կապի առկայության պայմաններում անհրաժեշտ է շարունակ բացատրել, որ տվյալ քայլը բխում է միայն ու միայն Հայաստանի կենսական շահերից, անվտանգության կարևորագույն պահանջներից և ուղղված չէ Իրանի դեմ։ Այս հարցին պետք է մոտենալ զգուշությամբ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Խոսելով ՀՀ-ԵՄ տնտեսական կապերի զարգացման և Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին՝ քաղաքագետն ասաց, որ Բրյուսելում կայացած վերջին եռակողմ հանդիպումը ևս մեկ անգամ փաստեց, որ այն միտված է նպաստելու անցումային շրջանի դժվարությունների ու մարտահրավերների հաղթահարմանը և Հայաստանի դիմակայունության բարձրացմանը։

«Մեր երկրի համար նույնիսկ ընդունվեց ծրագիր։ Առաջարկների ամբողջ փաթեթը, սկսած անցյալ տարվերջին ԱՄՆ-ի Կոնգրեսում արված հայտարարությունից պարենային անվտանգության հարցում մեր երկրին աջակցություն ցուցաբերելուց մինչև տնտեսական դիվերսիֆիկացիայի իրականացում, խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է անցնի անցումային շրջան, որի հետ կապված բարդությունների զգալի մասը պատրաստ է վերցնել Արևմուտքը։ Բայց դա չի նշանակում, որ չեն լինի այդ փուլին բնորոշ երևույթներ։ Արևելաեվրոպական պետությունների ու Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ բարդությունները մահաբեր չեն, այլ լիովին հաղթահարելի են, ու Հայաստանի համար չեն ունենա ծանր հետևանքներ»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով՝ ՀՀ քաղաքացիներին այդքան հետաքրքրող վիզաների ազատականացման հարցը կարող է լուծվել 2024 թվականին։

«Եթե մեր կառավարությունը բարեխղճորեն կատարի իր ստանձնած պարտավորությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման, եվրոպական արժեքների պահպանման և օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ճանապարհին, ապա տվյալ խնդիրը միանշանակ կարող է լուծվել ընթացիկ տարում»,- եզրափակեց քաղաքագետը։

Մանվել Մարգարյան