Սյունիքի մարզպետը և Էկոպարեկային ծառայության պետը քննարկել են մարզում ծառայության կողմից իրականացվելիք աշխատանքի կազմակերպման հարցեր

Սյունիքի մարզպետը և Էկոպարեկային ծառայության պետը քննարկել են մարզում ծառայության կողմից իրականացվելիք աշխատանքի կազմակերպման հարցեր
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին։
Ըստ Սյունիքի մարզպետի աշխատակազմի հաղորդագրության` հանդիպման ընթացքում Վլադիմիր Կիրակոսյանը մանրամասնորեն ներկայացրել է նորաստեղծ ծառայության գործառույթներն ու կառուցվածքը։
Մարզպետը նրա հետ քննարկել է կոնկրետ Սյունիքի մարզում ծառայության կողմից իրականացվելիք աշխատանքի հետ կապված կազմակերպական, տեխնիկական հագեցվածության, կադրային համալրման, շենքային պայմանների ապահովման ու մի շարք այլ հարցեր, ինչպես նաև շրջակա միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներում համագործակցության պատրաստակամություն հայտնել։
Ծառայության պետը հայտնել է, որ մարզային կառույցի հիմնմամբ Սյունիքում 184 նոր աշխատատեղ կստեղծվի․ կադրերը համապատասխան պահանջներ բավարարելուց և ընդունելությունից հետո վերապատրաստում կանցնեն։
Բնության պահպանությանն ուղղված այս շուրջօրյա ծառայության խնդիրը պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ապահովումն է, իր իրավասության սահմաններում օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխման ապահովումը, անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության իրականացումը, նշված տարածքներում էկոհամակարգերի զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելման կամ մեղմացման ապահովումը։
Ծառայությունը հագեցած կլինի նորագույն տեխնիկական միջոցներով ու սարքավորումներով։