Այսօր Ջրային կոմիտեի ղեկավարությունը հյուրընկալել էր Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը

Այսօր Ջրային կոմիտեի ղեկավարությունը հյուրընկալել էր Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը
Այսօր Ջրային կոմիտեի ղեկավարությունը հյուրընկալել էր Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը: Քննարկման թեման Սյունիքի դիմակայունության հզորացմանն ուղղված ծրագիրն էր։
Կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, ողջունելով հյուրերին, գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության համար անչափ կարևոր տարածաշրջանում ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ոլորտի շրջանակներում նման նախաձեռնություն է նախատեսվում։
Պատվիրակության ղեկավար Ստեֆանի Գիհարդը, ներկայացնելով թիմին, նշեց, որ սա իրենց առաջին այցն է Ջրային կոմիտե, և վստահություն հայտնեց, որ համագործակցությունն արդյունավետ կլինի։
Կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, կարևորելով նախապատրաստական աշխատանքների հաջող մեկնարկը, նշեց, որ դրանք դեռևս 2021 թվականից են մեկնարկել, հիմնականում Սյունիքի մարզպետարանի հետ, և Ջրային կոմիտեի աջակցությամբ գնահատվել են առաջնահերթ կարիքները տվյալ ժամանակահատված համար։
Ծրագրի հիմնական թիրախը խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերն են։ Կոմիտեի նախագահի տեղակալ Գոռ Մելիքսեթյանը, ներկայացնելով ոլորտը, նշեց, որ Սյունիքի մարզում կան և Վեոլիա ՓԲԸ-ի կողմից, և համայնքների կողմից սպասարկվող բնակավայրեր․ «Օպերատորի կողմից սպասարկվող բնակավայերում, ի համեմատ չսպասարկվողների, վիճակն ավելի բարվոք է։ Ասեմ նաև, որ չսպասարկվող բնակավայրերում պետական բավականին մեծ ներդրումներ են արվել, իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր։ Չնայած, դրան, ոլորտը դեռ կարիք ունի բարելավման և արդիականացման»։
Առաջիկա օրերին նախատեսվում է Ջրային կոմիտեի ներկայացուցիչների և ԵՆԲ պատվիրակության համատեղ այց Սյունիքի մարզ։ Այցելության ընթացքում կթարմացվեն մարզի՝ ջրամատակարարման և ոռոգման համակարգերի վերականգնման առաջնահերթությունները։