Կներդրվեն գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմներ, կընդլայնվի ներքին պետական պարտքի գործիքակազմը

Կներդրվեն գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմներ, կընդլայնվի ներքին պետական պարտքի գործիքակազմը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ներդնել գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմները և ընդլայնել ներքին պետական պարտքի գործիքակազմը՝ հնարավորություն ստեղծելով թողարկել գնաճով ինդեքսավորվող պարտատոմսեր:

Փոխանակման աճուրդների իրականացումը կխթանի պետական գանձապետական պարտատոմսերի իրացվելիությունը և կբարձրացնի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման գործընթացի արդյունավետությունը: Նոր՝ գնաճին կցված պարտատոմսերի թողարկումը հնարավորություն կտա գնահատել ներքին պետական պարտքի շուկայի մասնակիցների գնաճային սպասումները: Այս միջոցառումները կբարելավեն ներքին պարտքի շուկայի մասնակիցների կազմն ու կառուցվածքը:

Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրով պետական գանձապետական պարտատոմսերի իրացվելիության աճն ամրագրված է որպես ներքին պետական պարտքի կառավարման նպատակադրում: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական պարտատոմսերի կոնսոլիդացիա, շուկային առաջարկել նոր գործիքներ՝ ընդլայնելով ներդրողների շրջանակը, ինչպես նաև փոխանակման աճուրդների կազմակերպման միջոցով լրացուցիչ գործիքակազմ ապահովել վերաֆինանսավորման ռիսկի կառավարման գործընթացի իրականացման համար:

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում ներքին փոխառու զուտ միջոցների տեսակարար կշռի ավելացումն արտաքին փոխառու զուտ միջոցների նկատմամբ միտված է նվազեցնել փոխարժեքի ռիսկը, ինչպես նաև հիմքեր ստեղծել ֆինանսական շուկայում նոր գործիքների կիրառման ու շուկայի հետագա խորացման համար: