Հաստատվել են բուհերի 2024/2025 ուստարվա ընդունելության տեղերը

Հաստատվել են բուհերի 2024/2025 ուստարվա ընդունելության տեղերը

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Որոշման նպատակն է կանոնակարգել տնտեսության զարգացման կարիքներին համահունչ մագիստրոսի կրթական ծրագրով մասնագետների պատրաստման գործընթացը:

Մասնավորապես՝ տեղեր են հատկացվել տվյալագիտության, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, գեոմատիկայի, ծրագրային ճարտարագիտության, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, համակարգչային գիտությունների, մաթեմատիկայի, ֆիզիկական գիտությունների, ճարտարագիտության, կենսաբանական գիտությունների ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին:

Ըստ այդմ՝ 4-ական անվճար տեղեր են հատկացվել «Արևելագիտություն» մասնագիտության «Ադրբեջանագիտություն» և «Կովկասագիտություն» մասնագիտության «Վրացագիտություն» կրթական ծրագրերին, որոնց գծով ուսումնառությունը կկազմակերպվի Երևանի պետական համալսարանում: Որոշմամբ՝ մագիստրատուրայի 2024-2025 ուստարվա ընդունելության անվճար տեղերի ցանկը լրացվել է նոր կրթական ծրագրերով, որոնցից են՝ «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա» մասնագիտության՝ «Ավիատիեզերական ճարտարագիտություն», «Սարքաշինություն և չափագիտություն» մասնագիտության՝ «Ավիատիեզերական սարքաշինություն», «Ֆիզիկա» մասնագիտության՝ «Մակրոմոլեկուլների ֆիզիկա», «Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտության՝ «Հեռահաղորդակցություն», «Կենսաբանություն» մասնագիտության՝ «Էկոլոգիա և կենսառեսուրսների կառավարում» և այլն:

Նախատեսվում է 2024-2025 ուստարում բնական գիտություններ բնագավառի մասնագիտություններին հատկացնել է 219 տեղ՝ ընդհանուր հատկացված տեղերի 20.8 %-ը, տեխնիկական գիտություններին՝ 171 տեղ՝ ընդհանուր տեղերի 16.3 %-ը, գյուղատնտեսական գիտություններին՝ 40 տեղ՝ ընդհանուր տեղերի 3.8 %-ը (ընդամենը՝ 40,9%):